Կարինե Հարությունյանի գրառումը. «Ես ուրախանում եմ, որ մեր երկիր այլազգիներ են գալիս ոչ միայն շրջագայելու, այլեւ աշխատելու, բնակություն հաստատելու համար: Թող որ նրանցից ոմանք գան ցածր վարձատրվող աշխատանքի համար: Սրանում վատ բան չկա: Բայց նրանց մեջ նաեւ գործարարներ կան, որոնք արտադրություն են հիմնում, կամ հյուրանոց ու ռեստորան բացում:
Զեյթունում մի հնդկական փոքրիկ ռեստորան կա, շքեղ չէ. պարզ, հասարակ տեղ է՝ համեստ միջոցներով, բայց մարդիկ օգտվում են այդ ռեստորանի ծառայություններից: Մի անգամ եղել եմ այնտեղ. հետաքրքրասերի պես ամեն ինչ կերա, հետո ստամոքսի խանգարում ստացա, 🙂 մի քանի օր էլ համեմունքների հոտը քթիցս դուրս չէր գալիս ու չգիտեմ՝ էլի կգնա՞մ այնտեղ, թե՞ ոչ, բայց ամերիկացի ընկերներ ունեմ, որ սիրում են հնդկական խոհանոց, տեղն ասացի, գնացել էին, ասացին՝ վատ չէ:
Ամիսներ առաջ մի ֆիլիպինցու մասին կարդացի, որը Երեւանում փոքրիկ հոսթել էր բացել ու իր համերկրացիներին հյուրընկալում էր. եւ՛ մի քանի օրով Հայաստան այցելող ֆիլիպինցիների համար է լավ, եւ՛ մեր երկրի: Ի վերջո, գիտենք, որ Հայաստանում արդեն բավականին գործարար պարսիկներ կան, չէ՞:
Ասածս այն է, որ անհանգստանում եք, թե մեր երկիրը կգրավեն, կբազմանան, ձեզ տեղ չի մնա՞, դուք բազմացեք, դուք գրավեք, տեղ մի թողեք ուրիշների համար: Մի երեխայի փոխարեն երեքն ունեցեք, նվնվալու փոխարեն մի փոքրիկ ռեստորան բացեք/ փառք Աստծո, վարչապետը հայտարարեց փոքր եւ միջին բիզնեսին հարկերից ազատելու մասին/, մի ուրիշ բան մոգոնեք, ձեր երկրին, մեր բոլորիս երկրին տեր կանգնեք: Թե չէ ձեր նվնվոցները, ստորագրահավաքները եւ եսիմինչերը նման են /չ/հավատացյալների այն բողոքին, թե հասեք, աղանդները շատացել են: Թող եկեղեցին ուժեղ լինի, տեսնեմ, թե աղանդները իրենց ցանցը գցելու մարդ կգտնեն: Իսկ ուժեղ լինելը դատարկ խոսքով չէ, այլ գործով, տարբեր հնարներ որոնելով, ձեւեր փնտրելով:
Եվ, ի վերջո, այլազգիները մեր երկիր այցելելով այլ մշակույթ են բերում. իրենց քաղաքակրթությունը: Ու՞մ է պետք միատարր հանրությունը, այն արագ նեխում է: Քաղաքակրթությունների, մշակույթների բախումից է, որ նոր մտքեր են ծնվում: Ինչու՞ եք վախենում այդ բախումից: Մենք հետաքրքիր պատմական շրջան ենք ապրում, պիտի գնահատենք ոչ միայն, այլեւ մասնակից դառնանք այդ պատմության-զարգացման- աճի ընթացքին՝ ինչպես մասնակից դարձանք հեղափոխությանը: Մեր հեղափոխությունը մեզ շշմելու շատ հնարավորություններ է տալիս զարգանալու, փոխվելու, փոփոխելու: Հեղափոխությունը պատմության դասագրքերում մի տողով գրելու փաստ չէ, մի մեծ պատմական դարաշրջան է մեր երկրի համար: Եկեք մասնակից լինենք զգացմունքների- արարումների այդ հեղեղին, որը միայն գեղեցիկ արձանագրումներ կանի մեր խոհեմության ու աշխատանքի շնորհիվ:
Հ.Գ. Ցիրուցան ստացվեց, ներող: Մտածեցի՝ գրեմ, որ վաղը նոր օր բացվի: :)»: