Կարմեն Դավթյան. «….«թավշյա» նպատակները գործում են անվրեպ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարմեն Դավթյան. «….«թավշյա» նպատակները գործում են անվրեպ»

Կարմեն Դավթյանի գրառումը. «Բազմիցս ենք նշել` փոխվել են ներքին` սերնդային, քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական, հոգևոր բոլոր քարտեզները, փոխվել է ամբողջական մենթալ պլանը:
Ու թե այս ամենին տանք իրական գնահատական, ապա ներհայաստանյան դաշտն իրականում ամբողջովին ամայացած է: Նոր խաղ սկսելու համա՞ր: Մասամբ` այո: Բայց դա նկատող աչքերը դեռ շատ չեն, և այս գործընթացը շատ արագ տեղի չի ունենալու, չնայած ամայացող դաշտում շատ արագ է տեղի ունենում նաև նորերի` փաշինյանական անհասկանալի հիբրիդի, այդ թվում և Փաշինյանի իմիջային անկումը:

Այնպես որ, չի բացառվում, մոդերատորների «նշանակած» ժամկետից առաջ ընկնեն սպասվող գործընթացները: Բոլոր դեպքերում, այս անհասկանալի իշխանությունը դեռ կգոյատևի, որովհետև որոշակի խնդիրներ պետք է լուծի թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթություններում. սկսած Ռուսաստանի «արտաքսումը» վերջնական դարձնելու, ղարաբաղյան, այդ թվում և Սահմանադրության փոփոխության, ասպարեզում եղող հին ուժերի վերջնական իզգոյացման խնդիրներ:

Իսկ հիմա ուշադրություններս բևեռենք երեկ իր աշխատանքներն սկսած խորհրդարանի «նորամուտի» և յուրովի բեմելու վրա: Թերևս ամենահարմարը օգտվելն է մեծն քուրմի` Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գնահատականից. քուրմը դեռ երեք տարի առաջ ակնարկել էր (ոչ իհարկե այն պատճառով, որ շատ ուժեղ տեսանող է, այլ որ ինֆորմացված է). թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված այս խորհրդարանը կառուցվող «բաբելոնյան աշտարակի» մի բաղկացուցիչն է` բրոունյան իր շարժատեսակով, ֆարսի ու կոմեդիայի արանքում գտնվելու իր սահմանային վիճակով:

Ուշադիր լինենք և ամրագրենք` կանոնիկությունն այս խորհրդարանում ապահովելու է. այո, «Լուսավոր Հայաստանը»: Չհամաձայնենք նրանց հետ, ովքեր կարծում են, որ ԼՀ-ն գրպանային ընդդիմություն է: Ամրագրենք` է՛ր: Հիմա արդեն սուրբ մնացած տեղերը լցվելու են բացառապես իրենով: Եվ, դա, պարոնայք, նույնպես սցենարի բաղկացուցիչ է, ինչին մեծ քուրմ ԼՏՊ-ն տեղյակ չէր մի քանի տարի առաջ, բայց յուր խորատեսությամբ այսօր նա ևս, ինչպես և շատերը, արդեն իսկ հասկանում է` նոր խաղատախտակի, նոր զինվորների ու ձիերի մարտը հանուն ինչի և ում է ընթանալու այսուհետ:

Չերչիլանալով էլ կանխատեսենք` խորհրդարանում բավականին պատկառելի ներկայացվածություն ունեցող ԼՀ-ն այն ապագա մատրիցան է, որի շուրջ «կառուցվելու» են զարգացումները. ձգենք պաուզան և արձանագրենք` մոտ 90 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» խիստ խայտաբղետ, անգաղափարական դաշինքը շատ արագ է քայքայվելու, ինչը նույնպես հատուկ հաշվարկված է, և հաշվարկը հենց ԼՀ-ի համար է:

Իմաստուն լինել պետք չէ հասկանալու համար, թե ինչ գրագետ «նշագրմամբ» է խաղում Երևանի ավագանիում նույն այդ ուժը, ինչը կրկնվելու է նաև խորհրդարանում:

Ու սա այս խորհրդարանի ամենամեծ «հմայքն» է, որի դեմ արդեն իսկ խնդիրների տակ կքած իշխանությունները օբյեկտիվորեն ոչինչ չեն կարողանալու անել: Չեն կարողանալու ձերբակալել, «պառկըցնել ասֆալտին», «ծեփել պատերին», կուլակաթափ անել, վարկաբեկել: Ամենաշատը, որ կարողանալու են անել` ԲՀԿ-ին վերջինիս վրա «քսի» տալն է, ինչն էլ կապահովի անհրաժեշտ հաշվարկը, և ուրիշ ոչինչ:

ՈՒ թե հաշվի առնենք հանգամանքը, որ բավականին լուրջ թվով նոր կուսակցություններ-բջիջներ են ստեղծվելու առաջիկայում նաև արտախորհրդարանական վեկտորում, որպես կապիտալ և ի օժանդակություն ԼՀ-ի, ապա կարելի է ասել` նոր խորհրդարանի աշխատանքները ոչ թե վասն, այլ ընդդեմ այս իշխանությունների են: Հենց առաջին օրն իսկ»:



Նման նյութեր