Վահե Էնֆիաջյանը զրկվեց օծանելիքից ու դրամապանակից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վահե Էնֆիաջյանը զրկվեց օծանելիքից ու դրամապանակից. armeniasputnik.am

ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելով Մանե Թանդիլյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը զրկվեց օծանելիքից ու դրամապանակից: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, եթե Էնֆիաջյանը պարտվեր, իրենք նրան տղամարդուն հարիր որևէ իր՝ դրամապանակ կամ օծանելիք կնվիրեին:

Իսկ այն, որ Վահե Էնֆիաջյանն իր պարտված մրցակից կնոջը ծաղիկներ նվիրեց, Մարուքյանը «ջենտելմենական քայլ» որակեց:

Անդրադառնալով քվեարկության արդյունքներին, որոնց համաձայն, բացի «Լուսավոր Հայաստանից» իրենց թեկնածուին կողմ էր քվեարկել ևս մեկ պատգամավոր, Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ դա եղել է«Իմ քայլը» խմբակցության անդամ ու հավելեց. «նրա անունը ոսկե տառերով կգրվի խորհրդարանի պատմության մեջ»: Թե ով է եղել հարազատ խմբակցության որոշմանը դեմ գնացած պատգամավորը, Մարուքյանը դժվարացավ ասել:

Իսկ ընդհանուր առմամբ ԱԺ փոխնախագահի քվեարկությունը «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը «խայտառակ» որակեց:

Հիշեցնենք, այսօր, ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընտրապայքարում ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը խորհրդարանի նիստի ժամանակ, արդյունքների հրապարակումից հետո ծաղկեփունջ նվիրեց իրեն պարտված Մանե Թանդիլյանին:

ԱԺ փոխնախագահների ընտրության արդյունքում «Իմ քայլը» խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանը ստացավ 109 կողմ 20 դեմ ձայն, Լենա Նազարյանը՝ 124 կողմ,  3 դեմ ձայն: Վահե Էնֆիաջյանին կողմ է քվեարկել 108, Մանե Թանդիլյանին՝ 19 պատգամավոր: ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանը:

armeniasputnik.am