Աննա Հեքեքյանը, չափից շատ սիրելով ծովը, մանուկ հասակում երազել է նավապետ դառնալ, սակայն ծնողները կտրականապես դեմ են եղել, և ճանապարհները նրան տարել են Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ: Երբ սովորում էր առաջին կուրսում, ձայնը թույլ էր: Ձայնն ամրացնելու համար դասախոսը նրան հանձնարարեց մի վարժություն՝ ստոծանու վրա հենվելով կանչել՝ «հաֆ-հաֆ-հաֆ»։ Եվ նա ամառային արձակուրդն անցկացրեց «հաչելով»…
Այսօր նմանօրինակ «սարսափելի» մեթոդներ նա կիրառում է իր ուսանողների խոսքն ու ձայնը մշակելու համար: Ուսանողները երբեմն բողոքում են. ասում են՝ ընտանիքի անդամները զարմանում են, երբ տանը տեսնում են բեմական խոսքի վարժանքները: Լինում են դեպքեր, երբ վարժանք անելու կամ որևէ դերի վրա աշխատելու ժամանակ ծնողները վախեցած ներս են մտնում ու անհանգստացած հարցնում, թե ի՞նչ է կատարվում։
Ա. Հեքեքյանը դասավանդել սկսել է 1975-ից, երբ դեռ 2-րդ կուրսի ուսանողուհի էր: «Մայրս ինձ տարավ Խորեոգրաֆիկ ուսումնարան, որտեղ սկսեցի դասավանդել թատրոնի պատմություն: Ուսանողներից մի քանիսն ինձանից տարիքով մեծ էին, բայց մեր միջև ուսանող-մանկավարժ փոխհարաբերությունները շատ ճիշտ էին կառուցված»,- պատմում է նա: Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանում դասավանդել է բեմական խոսք և դերասանի վարպետություն: Բեմական խոսքի դասավանդման մեթոդիկան սովորել է Մոսկվայում, որտեղ էլ ավարտել է ասպիրանտուրան: Վերադառնալուց հետո աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր: Նկարահանել է մի շարք վավերագրական ֆիլմեր՝ տարբեր գործարանների ու առաջատար բանվորների մասին: Այդ տարիները նա հիշում է որպես կյանքի լավագույն տարիներ, որոնց ընթացքում հասցրել է լինել Հայաստանի բոլոր վայրերում, ճանաչել ու ավելի սիրել հայրենիքը: Եվ տարիներ հետո միայն նա հնարավորություն ստացավ մասնագիտությամբ դասավանդել ներկայիս Երևանի Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում, որտեղ աշխատում է մինչ օրս: Մոսկվայում սովորելու տարիներին բավականին գայթակղիչ պաշտոն ստանալու առաջարկ է ստացել, բայց վերադարձել է, որովհետև ինքն իրեն առանց հայրենիքի չի պատկերացնում: «Եղել են նյութական ու աշխատանքի տեղավորման դժվարություններ, բայց երբևէ չեմ զղջացել վերադարձիս համար: Ուժն ու հավատն իմ մեջ դեռ մանկուց ծնողներս այնքան են ներդրել, որ դրանց հաշվին ես ապրում եմ»։
– Ի՞նչ դեր ունի բեմական խոսքը դերասանի արվեստում:
– Բեմական խոսքը շատ տարողունակ հասկացություն է: Ռեժիսոր Արմեն Մազմանյանը շատ դիպուկ բնորոշում է տվել. բեմական խոսքը խոսքի ռեժիսուրա է: Բեմից հնչած խոսքը կազմակերպելը նույնպես ռեժիսուրա է: Դա մի աշխատանք է, որը չի կարող լինել անկախ բեմադրությունից ու դերից: Արվեստում ինչ-որ բանի հասնելու համար պետք է արհեստին տիրապետել: Երաժիշտները ժամերով գամմաներ են նվագում, որպեսզի մատներն աշխատեն, նկարիչները գույներն են խառնում՝ անհրաժեշտ գույնը ստանալու համար: Այդ ամենը կա նաև խոսքի մեջ, և խոսքի տեխնիկային տիրապետելը շատ ավելի բարդ է: Լև Դոդինի թատրոնում տեսել եմ, թե ինչպես են դերասաններն ամեն օր պարտադիր աշխատում իրենց և՛ ձայնի, և՛ մարմնի վրա: Թատրոնում աշխատում է բեմական խոսքի հատուկ մասնագետ, ով անընդհատ զբաղվում է նրանց հետ՝ անկախ նրանից՝ այդ օրը ներկայացում ունե՞ն, թե՞ ոչ: Մեզ մոտ ուսանողները միայն սովորելու 4 տարիներին են պարապում, որից հետո չեն հետևում ո՛չ իրենց ձայնի տեխնիկային, ո՛չ էլ մարմնի պլաստիկային:
– Դուք խոսքն ու ձայնը մշակելուց բացի, աշխատում եք նաև ուսանողի կերպարի վրա, յուրաքանչյուրին անհատական մոտեցում եք ցուցաբերում…
– Ձայնն ինքը արդեն կերպար է: Ձայնը մարդն է: Ինչ ձայնով է խոսում մարդը, այդպիսին է ինքը: Ուժեղ մարդը խոսում է ավելի պինդ հնչերանգով: Բայց լինում են նաև բացառություններ: Մենք գիտենք ուժեղ մարդկանց՝ քաղաքական գործիչների, որոնց ձայնն իրենց ներքինին համապատասխան չէ, որովհետև նրանք երբևէ չեն կենտրոնացել դրա վրա և չեն աշխատել իրենց ձայնի վրա: Այստեղ կարևորը ոչ թե հատուկ ձայն մշակելն ու նրա կոկորդը ուրիշ ձայն դնելն է, այլ՝ պետք է բացել նրա ձայնի հնարավորությունը: Մենք՝ մանկավարժներս, ոչինչ չենք կարող դրսից բերել, ներմուծել երեխայի մեջ: Մենք միայն կարող ենք նրա հետ միասին բացել իր ներսում եղածը, գտնել նրա ով լինելը: Հաճախ ինստիտուտ են ընդունվում 15-16 տարեկանում, երբ դեռ ձևավորված չէ նրանց անհատականությունը: Պետք է կարողանալ օգնել երիտասարդին գտնել ինքն իրեն:
– Ձեզ՝ որպես բեմական խոսքի վարպետ, գոհացնո՞ւմ է այն խոսքը, որն այսօր հնչում է բեմից:
– Ամենից շատ ինձ չի գոհացնում հեռուստատեսային խոսքը: Հեռուստատեսային շատ վատ խոսքն ու հնչերանգը ազդում են հասարակության վրա, և թատրոն է ներթափանցում այն, ինչ առաջ չկար: Խոսքը չի լինում պարզապես թատրոնի, խոսքը լինում է հասարակությանը, որը մտնում է թատրոն: Եվ ինչպիսին հասարակության խոսքի մակարդակն է, նույն վիճակում էլ թատրոնինն է: Իհարկե, թատրոնը միշտ պետք է ավելի բարձր լինի, բայց այն, ի տարբերություն մյուս արվեստների, մասսայական է և կապված է հանդիսատեսի հետ: Չեմ ասում, որ թատրոնը պիտի գնա հանդիսատեսի հետևից, բայց հանդիսատեսին իր հետևից տանելու համար նա պետք է այդ կապը պահի: Այդ առումով թատրոնը շատ ավելի բարդ կացության մեջ է, քան մյուս արվեստները: Նա ստեղծագործում է այսօր, այստեղ, այս հասարակության համար: Կա մեկ այլ տարբերակ, երբ թատրոնը կարող է լինել լաբորատորիա, ինչպես Գրատովսկու թատրոնը, որը մի քանի ներկայացումը բեմադրում էր տարիներ շարունակ: Բայց դրա համար պետության հովանավորությունն է պետք։ Այսօր շատ են մեղադրում երիտասարդներին, որ չեն կարդում: Բայց ինչի՞ց եկավ այդ երևույթը։ Նրանք մեղավոր չեն, մեղավոր ենք մենք, որ չկարողացանք կրթել: Ժամանակին Հանրային ռադիոն ուներ շատ գեղեցիկ մի հաղորդում՝ «Ձայն մեծաց», որի ընթացքում պատմվում էր մշակույթի գործիչների ու նրանց ստեղծագործությունների մասին, բարձրարվեստ ստեղծագործություններից հատվածներ էին հնչում: Այդ հաղորդումը լսում էին նաև դպրոցականները: Հիմա նման հաղորդումներ չկան, ինչի՞ վրա պետք է դաստիարակվեն: Իսկ ի՞նչ է անում ռադիոն կամ հեռուստատեսությունը՝ կրթելու համար։ Հեռուստատեսային խոսքն իր ոչ հայեցի հնչերանգով վիրավորում է լսողությունս: Անհասկանալի «պարսկանյույորքյան» հնչերանգը, որը հնչեցնում են, արդեն ներմուծվել է մեր երեխաների ուղեղների մեջ: Ինստիտուտ են գալիս արդեն աղտոտված լեզվով, և նրանց հետ աշխատելը սարսափելի դժվար է: Եվ մենք փոխանակ բեմական խոսքի դասերին ավելի շատ ծանրանանք գեղարվեստական խնդիրների վրա, հիմնականում ուղղախոսական խնդիրներ ենք լուծում:
– Այսօր շատ է քննարկվում նաև սերիալների թեման։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ երևույթին:
– Ընդհանրապես դեմ չեմ բազմասերիանոց ֆիլմերին: Ցավոք, հիմա հասարակությունը միայնացման է գնում. մարդիկ սկսել են իրարից հեռանալ, և հեռուստատեսությունը շատերի համար դարձել է միայնությունից դուրս գալու միջոց: Ես այսօրվա սերիալների մակարդակին եմ դեմ: Չեմ կարծում, որ դերասաններին կարելի է մեղադրել: Դերասանն այստեղ ոչինչ անել չի կարող, բացի այն դերասաններից, ովքեր արդեն հեղինակություն ունեն և կարող են ինչ-որ բան թելադրել: Դա հիմնականում ռեժիսորների, հեռուստաընկերությունների տերերի ու ծրագրերի տնօրենների խնդիրն է: Քաղաքականությունը պետք է փոխվի: Մենք ունենք շատ արժեքավոր ստեղծագործություններ, որոնց հիման վրա կարելի է նկարել պատմական բազմասերիանոց ֆիլմեր: Թող նկարեն բարոյական ֆիլմեր: Բարոյականությունը մերկ տեսարաններով չի որոշվում: Անբարոյականություն չէ, եթե սերը մի քիչ ավելի բաց է ցուցադրվում: Ինձ համար ավելի անբարոյական է, երբ մայր ու աղջիկ նույն տղամարդու համար լեզվակռիվ են տալիս: Արժեհամակարգի փոփոխություն է պետք մտցնել: Սովետական Միությունն ուներ դրական հերոսներ, որոնց կերպարով փորձում էր դաստիարակել ժողովրդին: Եթե այսօր հեռուստատեսությունն իր վրա է վերցրել այդ գիծը, ապա պարտավոր է ստեղծել բարի, ազնիվ հերոս: Բայց մենք այսօր ֆիլմեր ենք տեսնում, որտեղ «բարի հերոսը» անպայման հանցագործ բառապաշարով է խոսում: Նրանց հանցագործ ժարգոնը գալիս է հանցագործ սցենարից, որն էլ գրվում է հեռուստատեսության պահանջարկով: Հնարավոր չէ՞ լուրջ ֆիլմեր նկարել հայ արվեստագետների մասին: Գուցե ինչ-որ մեկի համար ծիծաղելի կհնչի, բայց թող Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները նկարեն: Մեր կյանքն այնքան կարճ է, որ ժամանակը վատնել տարբեր ցածրորակ բաների վրա՝ պարզապես ափսոս է: Բոլորին կոչ եմ անում մտածել, թե ինչի՞ վրա են ծախսում իրենց կյանքի թանկարժեք վայրկյանները։
Անի Մնացականյան
«3 Միլիոն»