Իմ նախորդ հոդվածում գրել էի` եթե Մշակույթի նախարարությունը, իր գործառույթը թողած, պարապսարապությամբ շարունակելու է կատարել Սոցապնախարարության դերը, ապա այն կարելի է միացնել Սոցապնախարարությանը (ողջ նախարարությունը թոշակավորելու համար), իսկ եթե ի զորու չէ ժողովրդին փրկելու «մշակութային» ճահճից, այլ շարունակելու է «կուլտմասսավիկության» անցողիկ միջոցառումները, ապա թող միանա Կրթության նախարարությանը:
Եվ ահա այսօր միանում է Կրթության նախարարությանը: Սա նշանակում է, որ այդպես էլ ցանկություն չեղավ վերացնելու թերությունները եւ մշակելու ծրագրեր: Ինչ տարբերություն կա միացնել-չմիացնելու միջեւ, եթե չկա նպատակ, բովանդակություն ու ծրագիր (1920-ականների բոլշեւիկյան Հայաստանի ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանը ծրագրեր ուներ եւ իր շուրջն էր բոլորել Չարենցին, Թամանյանին, Սարյանին, Հրաչյա Աճառյանին): Հովհաննես Թումանյանը գրում է. «Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ:
…Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ խաղում: Իսկ դերասան կնշանակի-բեղերը վեր արած մարդ… Ձեւն ու ձեւապաշտությունը ամեն տեղ, եւ վայ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի եւ երեւույթների ներքին իմաստը եւ մանավանդ նրանց ամբողջությունը»: Եթե ծրագիր լինի եւ այն իրագործելու ցանկություն ու միջոց, ապա գործը կարելի է «բունկերում» կամ գոմում էլ անել եւ անել խիստ գաղտնի, ճիշտ` հզոր ռազմական հաստատությունների գործելաոճով, քանի որ մշակույթը հավասարազոր է բանակին եւ ազգային անվտանգությանը: Եթե կորցնես հոգեւոր-մշակութային հայրենիքը, կկորցնես նաեւ ֆիզիկական հայրենիքը:
Այսօր մեր ժողովուրդը հիմնականում թաղված է «մշակութային» մի ճահճի մեջ, որտեղ նեխելու փոխարեն ծաղկում են «արեւելյան կլկլոցն» ու ռաբիսը, ժարգոնն ու «լուծողական» ընդունած էստրադան: Մեր երեխաների հոգին թունավորել են, եւ այս մեծ ու մարմանդ համազգային աղետի «գրկում» ծիծաղելի է նախ եւ առաջ քննարկել մոտ 1000 հանդիսատեսի (նույն մարդկանց) համար «գործող» օպերային թատրոնի հարցերը: Եթե Թուրքիան մեկ միլիարդ դոլար ծախսեր, նման հաջողության չէր հասնի:
Ամբողջությամբ՝ hraparak.am