Հայաստանի Հանրապետության վարչապետ` պարոն Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն վարչապետ.
Նախ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն և համբերություն:
Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով, ապրելով արտերկրում, սերտորեն կապված է Հայաստանի հետ, հաճախ այն այցելում է, ակտիվ մասնակցում է արտերկրում հայկական համայնքի կյանքին, ինչպես նաև զբաղվում է ազգային ինքնությանն առնչվող հարցերի գիտական ուսումնասիրությամբ` դիմում եմ Ձեզ որպես ներկայիս փուլում մեր ազգի և պետության ճակատագրի վրա ազդելու բացառիկ հնարավորություն ունեցող անձի:
Գաղտնիք չի լինի ասել, որ մենք` հայերս ընդգծված համայնքային ինքնության կրող ենք: Սա այն գործոններից է, որի ազդեցությամբ մենք մեզ ընկալում ենք որպես ազգ և ոչ որպես ժողովուրդ: Արձանագրենք, որ սա փաստ է, որը կարող ենք օգտագործել ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման:
Լիովին համամիտ եմ, որ Հայաստանի պես տնտեսություն ունեցող երկրի համար շռայլություն է ներկայիս չափերի հասած պետական ապարատը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը բնակչության փոքր թվաքանակն է, որի ավելացման գծով անհրաժեշտ է պետական հետևողական քաղաքականություն:
Հուսով եմ կհամաձայնվեք այն մտքիս հետ, որ մեր երկրի բնակչության թվաքանակի ավելացման առավել գերադասելի ուղին սփյուռքի ներգրավումն է:
Առանց մեծացող ազդեցություն ունեցող Հայաստանի, ընդամենը մեկ սերունդ հետո հայկական սփյուռքը կամ առնվազն դրա զգալի մասը կարող է այլևս գոյություն չունենալ` վերածվելով ազգային ինքնությունը կորցրած և միայն ծագումով հայ մարդկանց թվաքանակի:
Սփյուռքի արդյունավետ ներգրավումը ռացիոնալ ընտրություն է:
Սփյուռքի գործերի նախարարության` որպես ներգրավման քաղաքականություն պլանավորող և իրականացնող մարմնի գոյությունն անհրաժեշտ է, և այն պետք է պայմանավորված լինի բացառապես դրա ֆունկցիոնալ տեսանկյունից: Ինքնախաբեության գիրկը չընկնենք: Մեկ այլ կառույցի մաս դառնալով` սփյուռքի գործերով զբաղվող ստորաբաժանումը ստորադասվելու է այդ կառույցի հիմնական նպատակներին և դիտվելու է որպես վերջինիս կցորդ: Մեզ համար հայկական աշխարհը դեպի ոչ հայկական` ավելի մեծ աշխարհ դուրս գալու հնարավորություն է` մեր տեսակի ազգի համար երևի թե միակ արդյունավետը: Միևնույն ժամանակ, հայկական պետությունը հայկական աշխարհի համար հիմք է և երկարաժամկետ գոյության հենարան:
…Սա բացառապես պետության առաքելությունն է: Պետությունն ու այդ կառույցները մեկը մյուսին չեն բացառում և մեկը մյուսի գործառույթները չեն կրկնօրինակում: Հայաստանը աշխարհագրական դիրքով և աշխարհաքաղաքական պայմաններով եզակի է աշխարհում:
Մեր դեպքում, Հայաստանը նաև ներկայացնում է ոլորտի խոշորագույն մասնագետների կողմից ամենախիստ չափանիշներով բնութագրվող սփյուռքային (դիասպորիկ) գոյություն ունեցող ընդամենը երկու ազգերից մեկը: Եվ եթե աշխարհում կա երկու պետություն, որտեղ պետք է լինի սփյուռքի գործերով զբաղվող նախարարություն (այդ կարգավիճակով քաղաքականություն պլանավորող և իրագործող պետական մարմին), ապա դրանցից մեկը, համոզված եմ, Հայաստանն է:
Սփյուռքի գործերի նախարարության գոյությունը ինքնանպատակ չէ և, ըստ իս, պետք է ուղղված լինի ինտեգրացված քաղաքականություն իրագործելուն` հետևյալ հիմնական չորս ուղղություններով.
Սփյուռքում ազգային ինքնության ուժեղացման և Հայաստանի հետ կապի ամրապնդում,
Հակահայկական քարոզչության դեմ պայքար: Ի թիվս այլ քայլերի, սա ներառում է «ցեղասպանություն» իրավական կատեգորիայի տեղի ունեցող արժեզրկման դեմ ուղղված քայլեր: Նման արժեզրկման օրինակ է Ադրբեջանի կողմից 1992թ.-ի փետրվարի հայտնի իրադարձությունների ներկայացումն ու առաջ մղումը:
Հայաստանի և սփյուռքի միջև կապի ամրապնդում: Սա ենթադրում է սփյուռքը Հայաստանի համար ավելի ճանաչելի դարձնելը` ուղղություն, որը վերջին տասնամյակների ընթացքում հիմնականում անտեսված է մնացել:
Էթնիկ հայերի (ովքեր սփյուռքահայ չեն, սակայն միայն ծագումով են հայ) շրջանում հայկական ինքնության ուժեղացում` նրանց սփյուռքահայ դարձնելու նպատակով:
Տնտեսելով չենք հարստանա: Կհարստանանք եկամուտներն ավելացնելով: Ավելացնենք արդեն ստեղծածը և սովորենք ուրիշի հաջողված փորձից:
Հարգանքով` Վահագն Վարդանյան
«Աշխարհաքաղաքականություն և քաղաքական աշխարհագրություն» մասնագիտության դոկտոր,
Չինական (Հան) ակադեմիայի փոխտնօրեն ք. Հոնկոնգ
Հ.Գ. Ազգային ժողովում կառավարության հարց-պատասխանի նիստերի ժամանակ, 2008թ.-ից ի վեր, Սփյուռքի նախարարի ամենահեռավոր` վերջին շարքում տեղ զբաղեցնելը իր հերթին ենթագիտակցաբար նպաստել է հանրության և պետության կողմից նրա ներկայացրած նախարարության դերի ու նշանակության թյուրընկալմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ aravot.am կայքում: