ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրավիրել է նոր ձևավորված ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Հունվարի 18-ին, ավարտելով առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը, այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Քանի որ արդեն ընտրվել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, կարող ենք ձևավորել նաև ԱԺ-ի խորհուրդը»,- ասաց Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ խորհուրդը կազմված է ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, մշտական հանձնաժողովների նախագահներից և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից:
«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է, «Լուսավոր Հայաստան»-ից` կրկին ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը` խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: