Հայկ Քոթանջյան. «Համաշխարհային հայության համակարգի հաստատութենական պարիտետով զինվածության գործում թույլ տրված սխալների հաղթահարման ռազմավարական կողմնորոշիչները». psaa.am
Advertisement 1000 x 90

Հայկ Քոթանջյան. «Համաշխարհային հայության համակարգի հաստատութենական պարիտետով զինվածության գործում թույլ տրված սխալների հաղթահարման ռազմավարական կողմնորոշիչները». psaa.am

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԱՐԻՏԵՏՈՎ ԶԻՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԸ

ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ, պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), միջազգային հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ԱՄՆ), գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (պաշտոնաթող)

Սփյուռքի նախարարության լուծարման մասին անցած տարվա դեկտեմբերին ՀՀ Կառավարության հայտարարությունից և «Ռեգնում»-ում մեր համապատասխան հրապարակումից հետո նկատվում է որոշակի առաջընթաց: Այն վերաբերում է Սփյուռքի նախարարությունը Սփյուռքի գործերով նախարարության համակարգորեն վերափոխելու մեր այն հիմնավորումներին արձագանքմանը, որոնք մշակվել էին Հայաստանի և Սփյուռքի կարկառուն գործիչների ու կազմակերպությունների հետ երկխոսության և համագործակցության արդյունքներով:

Արդի համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության համակարգերի դինամիկ զարգացման հոլովույթում ժամանակակից պետությունների իշխանությունները խստիվ հաշվի են նստում միջազգային քաղաքականության սուբյեկտների հանրությունում արդյունավետ համագործակցության, մրցակցության և պայքարի մեջ ազգային ռազմավարական շահերի պաշտպանության նպատակով իրենց պետական կառավարման հաստատությունների լիարժեք ներկայացվածության հրամայականի հետ:

Այս առումով հույժ կարևորություն է ստանում փոքրաթիվ, սակայն իրենց աշխարհառազմավարական տեղադրման յուրահատկությամբ աչքի ընկնող Համաշխարհային Հայության և Համաշխարհային Հրեության հաստատութենական /ինստիտուցիոնալ/ կազմակերպվածքի դասերի անվրեպ գնահատումը՝ ազգային պետությունների և բարձր հեղինակություն վայելող սփյուռքների ամբողջությամբ: Տվյալ գնահատման հիմքում առանցքային է այս փոքրաթիվ, սակայն համաշխարհային ժողովուրդների անվտանգության և զարգացման դեմ ծառացած ռազմավարական մարտահրավերների համեմատելիությունը՝ պետականության կորստյան և եղեռնի կրկնման սպառնալիքներով:

ՈՒստի պարտքս եմ համարում ուշադրություն հրավիրել մինչև Հայաստանի նոր գործադիր իշխանությունների ձևավորումը Սփյուռքի նախարարության լուծարման սխալանքի շտկման անհետաձգելիության վրա, քանի որ նոր գումարման Խորհրդարանի աշխատանքը արդեն մեկնարկել է:

Այս պրոբլեմի իմաստավորման համար բացառիկ կարևորություն ունի Մեծի Տանն Կիլիկիո Նորին Սուրբ Օծություն Տեառն Տեառն Արամ Առաջին կաթողիկոսի աջակցությունը, որը նա կցուցաբերի Հայաստանի և Սփյուռքի մասնագետների սերտ համագործակցությամբ Սփյուռքի նախարարության կ երպափոխման արդյունավետ մոդելի մշակման վերաբերյալ առաջարկությանը: Անցած տարվա վերջին ես իմ գնահատականներն ու առաջարկությունները հրապարակեցի «Ռեգնում»-ում` արձագանքելով այն շահագրգիռ բանավեճին, որը ծավալվել էր Բեյրութում Արամ Ա կաթողիկոսի հետ Համաշխարհային հայության համակարգի արդյունավետ կենսագործունեության հարցը քննարկած` Արևմտահայերի ազգային կոնգրեսի (ԱԱԿ) նախագահ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի նամակի շուրջ (Ն. Տեր-Գրիգորյանցը անկախ Հայաստանի կանոնավոր ռազմական կազմակերպվածքի` ՀՀ ԶՈՒ-ի ստեղծողն է): Նկատի ունենալով կարծիքների փոխանակման դինամիկան և պետությունների ու սփյուռքների հասարակական կազմակերպությունների միջև գործերի վարման` միջազգային հանրությունում ընդունված ժամանակակից համաշխարհային պրակտիկան` իմ պարտքն եմ համարում Հայաստանի նոր իշխանությունների ու հասարակայնության ուշադրությունը սևեռել հետևյալ գնահատականների և առաջարկությունների վրա.

1. Ինչպես գիտենք, ժամանակակից համաշխարհային պրակտիկայում ԱԳՆ-ն հանդես է գալիս որպես գործադիր իշխանության այն պետական հաստատությունը, որը պատասխանատու է այլ պետությունների կամ նրանց կոլեկտիվ միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական հարաբերությունների համար: Մինչդեռ Սփյուռքը պետություն չէ, ուստի ԱԳՆ-ն չի կարող հանդես գալ որպես Սփյուռքի հետ առնչությունները կառավարող պետական հաստատություն:

2. Գոյություն ունեցող նախարարությունը Սփյուռքի գործերով նախարարության օպտիմալ ձևով կերպափոխելու ուղիները համակողմանիորեն ուսումնասիրելու համար նպատակահարմար է կերպափոխման նպատակով անհապաղ ստեղծել մասնագիտական կառավարական հանձնաժողով, որում ներգրավվեն ՀՀ և Սփյուռքի հեղինակավոր կազմակերպությունների բարձրակարգ մասնագետներ:

Սփյուռքի նախարարությունը, վերաիմաստավորվելով ըստ Համաշխարհային հայության համակարգում իր ունեցած դերի և տեղի բովանդակության (նրա նպատակների, գերակայությունների ու գործունեության ռազմավարական կողմնորոշիչների, կառուցվածքով, ինչպես նաև Սփյուռքի ոչ պետական դերակատարների, այդ թվում` ԱԱԿ-ի և այլ կազմակերպությունների հետ լայն ընդգրկմամբ համագործակցության կառավարային գործիքակազմով) պետք է էապես կերպափոխվի և վերանվանվի Սփյուռքի գործերով նախարարություն՝ վերոնշյալ հանձնաժողովի առաջարկների հաշվառմամբ:

3. ՀՀ երկպալատ խորհրդարանում Սփյուռքի ներկայացվածության վերաբերյալ առաջարկության առնչությամբ պատիվ ունեմ նկատելու, որ Կնեսետում, որը Իսրայելի բարձրագույն ներկայացուցչական ու օրենսդիր մարմինն է, Սփյուռքն անմիջականորեն ներկայացված չէ, որովհետև դա կարող էր դիտվել (և շահարկվել) որպես Իսրայելի Պետության քաղաքականությանը օտար պետությունների անմիջական միջամտության գործիք:

4. Մեր երկշաբաթյա համախմբված ջանքերի արդյունքներով կարող ենք հանգել այն եզրակացության, որ մշակույթի ու սփյուռքի ոլորտներում ՀՀ ունեցած շահերը միջազգային ասպարեզում արդյունավետ կերպով ներկայացնելու և պաշտպանելու համար մեր բոլոր նախորդ փաստարկումների ընդունման հետ մեկտեղ պետք է նաև առաջնորդվել Հայաստանի և Ադրբեջանի պետկառավարման համապատասխան սուբյեկտների միջև հաստատութենական համամասնության /ինստիտուցիոնալ պարիտետի/ սկզբունքով:

ԱդրՀ-ում գործում է Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի գծով պետական կոմիտե, որը 2003 թ. ստեղծվել է ԱդրՀ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով: Համաձայն իր Կանոնադրության` նա պատասխանատու է «…արտասահմանում ադրբեջանական սփյուռքի կապերի հաստատման ու պահպանման, և ազգային միաբանության հաստատմանն ուղղված ամբողջ աշխարհի ադրբեջանցիների ջանքերին աջակցության, արտասահմանում բնակվող ադրբեջանցիներին առնչվող գործերի վարման» համար:

Սկսած 2002 թվականից նախագահ Հեյդար Ալիևը, ստեղծելով արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքի գծով պետական կոմիտե (ներկայիս` Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի նախակարապետը), փաստորեն դրեց մինչ այդ գոյություն չունեցող ադրբեջանական սփյուռքի` որպես տնտեսական, ֆինանսական, սոցիալական, քաղաքական, մշակութային ու տեղեկատվական հարաբերությունների համակարգի ստեղծման հիմքերը, մի համակարգի, որն այսօր ակտիվ կերպով դիմակայում է Հայոց սփյուռքին:

5. Միջազգային ասպարեզում` մեծաթիվ պետությունների մշակույթի նախարարությունների շարքում, ակտիվորեն գործում է նաև ԱդրՀ Մշակույթի նախարարությունը` հաճախ հանդես գալով Հայաստանի և Համայն հայության շահերի դեմ: Այսպիսով` օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կերպափոխման պրոբլեմի գրագետ համակարգային իմաստավորումն ու լուծումը, ինչի շնորհիվ այն պետք է դառնա պետկառավարման ինքնուրույն արդյունավետ մարմին, որը գործի համաշխարհային հանրության հակընկեր նախարարությունների հետ համամասնորեն` արդի դարաշրջանի նորամուծական պահանջներից բխող ինստիտուցիոնալ պարիտետի սկզբունքին համապատասխան:

Կարևոր հանգամանք է, որ Հայաստանի Կառավարության վերջին` 2019 թ. հունվարի 10-ի նիստը, որը նախագահում էր այդ ժամանակ դեռ Վարչապետի ժպկ Նիկոլ Փաշինյանը, վկայում է, որ առկա են նշաններ, որ Վարչապետը նախատրամադրված է անսալու Սփյուռքի նախարարությունը Սփյուռքի գործերով նախարարության կերպափոխելու վերաբերյալ համակարգորեն` Հայաստանի և Սփյուռքի կարկառուն գործիչների ու հեղինակավոր կազմակերպությունների հետ համաձայնեցված երկխոսության ու համագործակցության միջոցով (տես՝ Никол Пашинян: Правительство обсудит модель повышения уровня отношений с диаспорой, с нашими соотечественниками. Январь 10, 2019. “Аравот” – Новости Армении. https://www.aravot-ru.am/2019/01/10/295010/):

psaa.am



Նման նյութեր