Հայաստան-Սինգապուր. ուղիղ կապ Գևորգ Սարգսյանի հետ
Advertisement 1000 x 90

Հայաստան-Սինգապուր. ուղիղ կապ Գևորգ Սարգսյանի հետ

Ինտերնետային «հետազոտությունը», որն այսօր համակել է բոլորիս, մեր գործի համար դարձել է բավական կարևոր մի բաղադրիչ: Հետաքրքիր հայերի որոնումներն այս անգամ մեզ բերեցին ոչ ԱՄՆ, որտեղ հայ գտնելուց հեշտ բան չկա, ոչ էլ Ռուսաստան, Պարսկաստան և այլ «ստաններ»: Ո՞վ կմտածեր, որ հայերն անգամ Սինգապուր են հասել:

Գևորգ Սարգսյանը դիրիժոր է: Ծնվել է 1981թ. Հայաստանում, արվեստագետների ընտանիքում, ավարտել Կոմիտասի անվան Կոնսերվատորիան։ Ուսանողական տարիներին ընկերների հետ ստեղծել է կամերային նվագախումբ, ձայնագրել է CD, որի շնորհիվ Եվրոպական փառատոներում մասնակցելու հրավերներ է ստացել: Համագործակցել է նաև մեր սերնդի կոմպոզիտորների հետ, կատարելով նրանց նոր ստեղծագործությունները, ինչպես ինքն է ասում, թանաքը դեռ չչորացած վիճակում: Մի խոսքով` երաժշտի համար բավական լավ վիճակ հայաստանյան իրականության մեջ: Բայց Գևորգն այսօր Սինգապուրում է, ու մեր զրույցն էլ նրա հետ տեղի ունեցավ on-line:

– Գևորգ, փաստորեն, անկախ այն բանից, որ 90-ականներին արվեստագետները սոցիալապես վատ վիճակում էին, Դուք որոշեցիք դառնալ երաժիշտ:

– Սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում էին առաջին հերթին իմ ծնողները, որոնք օպերային թատրոնում աշխատող և ստեղծագործող արվեստագետներ են: Ես ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ անկախ սոցիալական պայմաններից՝ տիրում էր մշակութային մթնոլորտ: Ես վաղ հասակից այլ բան չէի կարող պատկերացնել, քան երաժիշտ-արվեստագետ դառնալը։ Մնացածը հասկանալի է՝ երաժշտական դպրոց, ուսումնարան, Կոնսերվատորիա, կատարելագործում Եվրոպայում և այլն…

– Աշխատել եք նաև Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ի՞նչ պատահեց, որ դուրս եկաք:

– Կոնսերվատորիան ավարտեցի՝ պաշտպանելով իմ դիպլոմային աշխատանքը մեր օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և թատրոնի մեներգչուհի Հասմիկ Հացագործյանի հետ համերգով, որից հետո թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի և գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով ընդունվեցի այնտեղ աշխատանքի: Ճիշտ է, շուտով իմ աշխատանքն ընդհատվեց, քանի որ մեկնեցի զինծառայության: Ծառայությունն ավարտելուց հետո, շարունակելով իմ աշխատանքը օպերային թատրոնում, միաժամանակ ունեցա մի քանի հրավերներ՝ ելույթներ Իտալիայում և Իսպանիայում, տեղի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Այնուհետև, ստանալով 2 տարվա աշխատանքի հրավեր Սինգապուրից, ես և կինս՝ ջութակահարուհի Անի Ումեդյանը, մեկնեցինք Հայաստանից: Դժվար չէ պատասխանել Ձեր հարցին, թե ինչ պատահեց, որ դուրս եկա օպերային թատրոնից. մենք պետք է երիտասարդ մեր ընտանիքը ապահովենք ավելի բարձր բարեկեցությամբ, ինչպես նաև արտասահմանում աշխատանքի ընթացքում կարողանանք կատարելագործվել ու ապահովել մեր ապագան:

pizap.com14716004950041

– Ի՞նչ եք անում հիմա Սինգապուրում։

– Աշխատում եմ տեղի նվագախմբի հետ, նաև դիրիժորություն եմ դասավանդում:

– Թերևս շատ հետաքրքիր երկրում եք հիմա: Ինչպիսի՞ն է այդտեղի կյանքը, մարդիկ, երաժշտությունը:

– Սինգապուրը գաճաճ մի քաղաք-պետություն է, երկրագնդի վրա ամենաէկզոտիկ ու հետաքրքիր երկրներից մեկը` իր բնությամբ, մարդկային մտածելակերպի յուրահատկությամբ, բազմազգ ու բազմակրոն լինելու հանգամանքով և այլն: Տիեզերական արագությամբ զարգացող երկիր է, խիստ առաջադեմ տեխնոլոգիայով և կառավարության կողմից մեծ ցանկությամբ՝ առաջադիմելու նաև արվեստով, մշակույթով և մանավանդ երաժշտությամբ: Ստեղծված են գրեթե բոլոր պայմանները, որպեսզի արտասահմանից հրավիրված արվեստագետները կարողանան առաջ մղել մշակույթի զարգացումը: Հաշվի առնելով, որ Սինգապուրում ապրում են շուրջ 50 տարբեր ազգի, տարբեր դավանանքի ներկայացուցիչներ՝ աշխարհի մոտ 170 երկրներից, անչափ հետաքրքիր է բնակչության մոտեցումը մշակույթին: Երիտասարդությունը ձգտում է ստանալ բարձրակարգ կրթություն բոլոր ասպարեզներում: Սա պետական առաջնահերթություն է: Նշեմ, որ այսօր Օքսֆորդի և Հարվարդի համալսարաններում մեծ թվով սինգապուրցիներ են սովորում:

– Եթե երաժիշտը դրսում վերապատրաստվելու հնարավորություն չունենա, նա կարո՞ղ է Հայաստանում լավ մասնագետ դառնալ:

– Հայաստանում իմ մասնագիտությամբ կրթություն ստացած երաժիշտը, այո, կարող է դառնալ լավ մասնագետ: Օրինակ՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ինձ միշտ դասավանդել են բարձրակարգ երաժիշտներ. ես սովորել եմ ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանի դասարանում, որն այսօր հայ դիրիժորական դպրոցի նահապետն է: Իհարկե, հետո կատարելագործվել եմ Վիեննայի կոնսերվատորիայում, վարպետության դասընթացներ եմ առել Փարիզի և Լոնդոնի կոնսերվատորիաներում դասավանդող դիրիժոր-պրոֆեսորներից:

– Դասական երաժշտությունից բացի, ի՞նչ եք սիրում լսել:

– Ընդհանրապես ես ամեն ոճի երաժշտության մեջ հետաքրքրություն եմ տեսնում, եթե, իհարկե, այն ճաշակով է կատարվում: Դասականից բացի՝ նախնտրում եմ ջազ, բլյուզ:

– Հիմա շատ տարածված է դարձել տարբեր երաժշտաոճերի միքսը` խառնուրդը: Նման միտք երբևէ չե՞ք ունեցել՝ միքսել դասականը ռոքի, ջազի կամ ռեգգիի հետ:

– Ես այդպիսի փորձ ունեցել եմ դեռ Երևանում՝ կիթառահար-երգիչ Վահան Արծրունու հետ «միքսելով» դասականը՝ ռոք և բարդ ոճերի հետ: Միքսը բավական հետաքրքիր երևույթ է, սակայն դրան պետք է մոտենալ բացառիկ զգուշությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով, և ճաշակով, հակառակ դեպքում կստանանք ոճերի «կոնֆրոնտացիա», ինչը միանշանակ բացասական կազդի արդյունքի վրա:

– Մշտական բնակությո՞ւն եք հաստատել Սինգապուրում, թե՞ ծրագրեր կան վերադառնալ Հայաստան:

– Մենք պայմանագրի մեջ ենք առաջիկա 2 տարում: Դրանից հետո կյանքը ցույց կտա, սակայն մի բան հստակ է՝ մենք Հայաստան կվերադառնանք միայն լուրջ ծրագրերով և դրանք իրականացնելու համար ստեղծված պայմանների դեպքում: Ընդհանրապես ես գտնում եմ, որ արվեստագետը, հատկապես՝ երիտասարդը, չպետք է կպած լինի որևէ պետության, չպետք է ձգտի նստակյաց կյանքի, նա միշտ պետք է ճանապարհորդի, փնտրի, ծանոթանա ուրիշ երկրների, ազգերի մշակույթին, տարբեր տեսակի մարդկանց հետ և միշտ շարունակի կատարելագործել ինքն իրեն ու ընդլայնել սեփական մտահորիզոնը: Արվեստագետի համար չկա ավելի կործանարար բան, քան լճացումը, մեր ասպարեզում կանգառը նշանակում է վարընթաց շարժում: Խնդրում եմ չմեկնաբանեք սա որպես ապազգային մոտեցում, ես իսկապես սիրում եմ իմ քաղաքն ու հայրենիքը, բայց դա որևէ կապ չունի իմ ասածի հետ:

– Ի՞նչ հետաքրքիր բան կարող եք պատմել Ձեր մասին, որ չկա գրված Ձեր կենսագրականում, սակայն շատ հետաքրքիր կլիներ իմանալ:

– Չգիտեմ, որքանով է սա հետաքրքիր. ես որպես հոբբի՝ ուսումնասիրում եմ օդանավ վարելու մասնագիտությունը, իհարկե՝ սիրողական մակարդակի վրա:

Զրուցեց Անուշ Մկրտչյանը

«3 Միլիոն»



Նման նյութեր