Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ներկայացուցչական այս միջոցառմանը մասնակցելու համար Երևանում են 100-ից ավելի մասնագետներ ԱՊՀ անդամ-պետություններից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Ողջունելով և արդյունավետ աշխատանք ցանկանալով նիստի մասնակիցներին ու հյուրերին և ընդգծելով նման միջոցառումների անցկացման կարևորությունը՝ նախարարի տեղակալն անդրադարձավ ոլորտին առնչվող կարևորագույն մարտահրավերներին:
«Համոզված եմ, որ այն հարցերը, որոնք առնչվում են ռադիոկապի և հեռահաղորդակցության տարբեր ուղղություններին, թվային հեռուստատեսությանն ու ոլորտի այլ թեմաներին, լուրջ քննարկումների ու վերլուծությունների արդյունքում աշխատանքային խմբերին հնարավորություն կընձեռեն հասնելու իրենց առջև դրված նպատակին»,-նշեց նախարարի տեղակալը։