«Տաքսիստներն օդանավակայանի արգելափակոցն անցնելու համար 30 հազար դրամ են վերցնում՝ որպես երկրի մուտքի վճար». զբոսավարներ. hetq.am
Advertisement 1000 x 90

«Տաքսիստներն օդանավակայանի արգելափակոցն անցնելու համար 30 հազար դրամ են վերցնում՝ որպես երկրի մուտքի վճար». զբոսավարներ. hetq.am

«Տաքսիստներ կան, որ օդանավակայանի արգելափակոցին են մոտենում, ասում են՝ սա Հայաստանի մուտքի գումարն է՝ 30 հազար դրամ, պետք է վճարեք»,- ասում է զբոսավար Սամվել Գասարջյանը:

Վերջինս պատմում է, որ 3-4 ամիս առաջ շուրջ 20 հոգուց բաղկացած խումբ էր դիմավորել: Խումբը 30-40 րոպե սպասել էր ևս 2 հոգու, հետո զանգել էին գրասենյակ, որ տեղեկանային՝ արդյոք այդ երկու հոգին ժամանել են, թե նրանց այցը հետաձգվել է: Պարզվել էր, որ նրանք արդեն հյուրանոցում էին, և տաքսու վարորդն օդանավակայանի արգելափակոցն անցնելու ժամանակ նրանցից 30 հազար դրամ էր վերցրել՝ իբրև Հայաստան մուտք գործելու վճար:

Սամվելը զբոսավար է աշխատում ավելի քան 2 տարի, սակայն վերջին ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի ներսում տիրող իրավիճակով անհանգստացած է: Խնդիրը ժամանման սրահում հավաքվող տաքսու վարորդներն են, որոնք, ըստ նրա, ոչ միայն հաճախ վեճեր, անախորժություններ են ստեղծում զբոսավարների հետ, այլև սկսել են զբոսաշրջիկ «փախցնել»:

Սամվելի փոխանցմամբ՝ այս ամիսներին վիճակը հատկապես սրված է լինում Դուբայի և Շարժայի չվերթներրի ժամանակ, որոնցով հիմնականում գալիս են հնդիկներն ու ֆիլիպինցիները: Ի տարբերություն ռուս զբոսաշրջիկների՝ վերջիններս տեղեկացված չեն  անհատական տաքսիների գնային սանդղակից, ինչի պատճառով էլ հաճախ հայտնվում են անբարեխիղճ վարորդների ծուղակում:

Մոտ 5 տարի զբոսավար աշխատող Տաթևիկ Խորենյանը պատմում է օրեր առաջ իր հետ կատարված դեպքը: Կալկաթայից եկող գործարար հնդիկների խմբի էր դիմավորել՝ կազմված 160 հոգուց: Պատահական տեսել է, թե տաքսու վարորդն ինչպես է խմբի անդամներից մեկին տանում, ու երբ հարցրել է, թե ուր է տանում, վարորդն ասել է՝ «էն մյուս ավտոն էլ ճանապարհին է»: Հետո պարզել են, որ զբոսաշրջիկներից երեք հոգու տաքսիստները Ծաղկաձոր տանելիս են եղել, սակայն կազմակերպիչներին հաջողվել է Չարենցավանի ճանապարհից նրանց վերադարձնել Երևան:

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամ Անահիտ Ավագյանն էլ ասում է, որ երբ գնում է օդանավակայանում խումբ դիմավորելու, գիտի, որ այդ օրը վեճ է ունենալու տաքսիստների հետ:

Անահիտը նշում է, որ ժամանման սրահում՝ ելքի երկու կողմերում, հավաքվում են 15-ի հասնող տաքսիստներ՝ հիմնականում ոչ պատշաճ վարքագծով, խոսելաձևով: Ըստ զբոսավարի՝ նրանք այնքան խիտ են կանգնում ելքի մոտ, որ նույնիսկ փակում են «stop» նշանը, ու ճամպրուկներով բեռնված սայլակով ժամանող զբոսաշրջիկը չի կարողանում անցնել: Անահիտն ասում է, որ այս պարագայում երբ դիմում են տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, նրանք ձայն չեն հանում:

Ստեղծված պայմաններում, ըստ մեր զրուցակիցների, տուժում է Հայաստանի հեղինակությունը: Դեպքեր են լինում, երբ խաբված զբոսաշրջիկն ասում է, թե թող չհամոզեն, որ Հայաստանը լավն է: Մանրուքներից փոխվում է երկրի մասին տպավորությունը:

Լուսանկարը՝ smolensk-i.ru-ից

Ամբողջությամբ՝ hetq.am