Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հունվարի 22-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում՝ կապված նրանց իրավունքների, այդ իրավունքները իրացնելու և պաշտպանելու հնարավորությունների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքը երկրի կրթության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցներում ուսուցման կազմակերպման վերաբերյալ, բարձրացրել են հարցեր՝ կապված երեխաների համար վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների, հասարակական տրանսպորտային միջոցների մատչելիության հետ:
Քննարկման նպատակն էր ցույց տալ երեխայի կարծիքի և նրա լսված լինելու կարևորությունը: «Այս մոտեցումը երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները երեխաներին են ներկայացրել Պաշտպանի աշխատանքի սկզբունքները, ծանոթացրել երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին, թե ինչպես կարող են դիմել Պաշտպանին, եթե կարծում են, որ խախտվել են իրենց իրավունքները:
Երեխաների մասնակցությամբ քննարկումները կրում են պարբերական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ: