Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Մենք քննարկումների արդյունքում եկանք նրան, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը, համավճարի մասին է խոսքը: Առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,-ասաց Թորոսյանը:
Նա շեշտեց, որ պետությունը կփոխանցի գումարն ամբողջությամբ ու շուկայական գներով: Նախարարը մեծապես կարևորեց նաև հենց շուկայական գնով գումարի փոխանցումը: