«Իրավունք թիվի»տաղավարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իշխանության գալուց հետո, երբ տարբեր քաղաքական կուսակցություններ այդ թվում ՍԻՄ-ը պահանջում էին պարոն Քոչարյանից քաղաքական գնահատական տալ ԼՏՊ-ի գործողություններին` այդպես էլ դա չարեց: Ավելին, նա այն ժամանակ ասել էր, որ չի ցանկանում պատասխանատվության ենթարկել, որպեսզի դա նախադեպ չդառնա: Արդյո՞ք այսօր նա չի զղջացել ժամանակին ԼՏՊ-ի գործողություններին ճիշտ գնահատական չտալու համար, ասաց.
-Դուք ձեւակերպումը շատ հստակ տվեցիք, եւ Ռոբերտ Քոչարյանը իր «Կյանք ու ազատություն» գրքում եւս անդրադառձել է այդ իրավիճակին, երբ գործընկեր բոլոր քաղաքական ուժերը, ամենահեղինակավոր կուսակցական գործիչները իրեն առաջարկում էին այդ գնահատականը տալ, պատժի ենթարկել եւ այլն: Ինքը ասում է` ես չէի ուզում, որ կոպիտ ասած այդ պանդորայի արկղը բացեմ եւ դա դառնա նախադեպ: Ոչ թե նրա համար, որ դա կարող է իր վրա անդրադառնալ, այլ ինքը դա կործանարար էր համարում մեր պետության համար: Ես այդ հարցը իր հետ քննարկելու առիթ չեմ ունեցել, բայց ես հիմա էլ կարծում եմ, որ ինքը ճիշտ է արել, որովհետեւ եթե հանկարծ մենք սկսենք իրական, թե մտացածին առիթներով նախկին բոլոր ղեկավարներին պատասխանատվության ենթարկել` կարծում եմ, որ մեր պետականությունը լուրջ, եթե ոչ մահացու հարվածներ կստանա:
Ես հիմա էլ կարծում եմ, որ այն ինչ-որ տեղի է ունենում այսօր շատ մեծ հարված է ե՛ւ մեր պետականությանը ե՛ւ հասարակությանը: Մենք շատ վատ բան ենք ցուցադրում նոր սերնդին, երբ մենք փորձում ենք քաղաքական պատճառներով կամ անձնական վրեժխնդրությունից` ելնելով պատժի ենթարկել, կամ ինչ-որ ձեւով մեկ-երկու ամիս ազատազրկման մեջ պահել մեր երկու պետությունների նախկին ղեկավարին` սա ուղղակի խայտառակություն է: Ես չեմ կարծում, որ հաջորդ ղեկավարները պետք է գան եւ դիմեն Նիկոլ Փաշինյանի օրինակին: Ես հուսով եմ, որ հաջորդ ղեկավարները հենց Քոչարյանի օրինակին կհետեւեն եւ անկախ նրանից, թե նախկին ղեկավարը ինչքանով է ինչում մեղավոր` կհասկական, որ կա որոշակի սահման, որից այն կողմ անցնել չի կարելի: Խոսքս ամենեւին ուղիղ հանցագործությունների մասին չէ, եթե կան ուղիղ կատարված հանցագործություններ իրենց ապացույցներով` անձեռնմխելի մարդ չպետք է լինի, սա չի քննարկվում: Բայց եթե դա կատարվում է քաղաքական դրդապատճառներով` այ դա խայտառակություն է: Ի դեպ մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ հանկարծ հաջորդ իշխանությունները քաղաքական որոշումների համար նախկին ղեկավարներին քրեական հետապնդումների չենթարկեն:
Հ.Գ. Վիկտոր Սողոմոնյանի հետ հարցազրույցի առավել ուշագրավ մանրամասները կարող եք դիտել«Իրավունք Թիվի»տեսանյությում: