ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ուսումնասիրելով միջազգային փորձը, հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթ, ըստ որի՝ 3 անգամ ավել բարձր դրույքաչափերով են հարկվելու հին և շարժիչի մեծ հզորություն ունեցող ավտոմեքենաների տերերը:
Այսպիսով՝ 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվելու է 150 դրամ՝ նախկին 50-ի փոխարեն:
Բնապահպան Կարինե Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ էկոլոգիական տեսանկյունից դիտարկելու դեպքում՝ կարելի է միայն դրական գնահատական տալ այս նախագծին, քանի որ Երևանում հիմնական աղտոտիչը, ըստ բնապահպանի, ավտոմեքենաներն են:
«Կայուն զարգացման տեսանկյունից՝ միշտ պետք է բոլոր որոշումները բալանսավորված լինեն էկոլոգիական և սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Այս պարագայում՝ մարդիկ բավականին հարված են ստանում. հասկանալի է նաև, որ հին մեքենաներից հրաժարվելու ցանկություն կա, բայց խնդիրը մնայուն է: Պետք է հավասարակշռված որոշումներ լինեն»,- մանրամասնեց Կարինե Դանիելյանը: Մեր զրուցակիցը հավելեց, որ նման որոշում ընդունելու դեպքում պետք է նաև ցույց տալ այն ճանապարհները, որոնց միջոցով կքչացվեն արտանետումները:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որի կարծիքով՝ տվյալ որոշման նախագիծն ընդունողների համար բնության մաքրությունն այնքան էլ առաջնային չէ. «Նրանց հետաքրքրում է միայն բյուջեն լցնելու ֆիսկալ քաղաքականությունը, սա է ամբողջ խնդիրը: Այնտեղ նշվում է 301 և ավելի ձիաուժ ունեցող ավտոմեքենաները: Պետք է արձանագրենք, որ այդքան և մի բան էլ ավելի ձիաուժ ունեն նաև բեռնատար մեքենաները, որոնք շատ են համայնքներում: Այս կոնտեքստում ևս պետք է դիտարկել, քանի որ միայն մարդատար թանկարժեք մեքենաներն ունեն 300-ից ավել ձիաուժ»: Տնտեսագետը հավելում է նաև, որ պետությունը հաշվի չի առնում բնակչության սոցիալական վիճակը:
Ամբողջությամբ՝ lurer.com