Դեկտեմբեր ամսին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանն աշխատանքից ազատման դիմում գրեց, քանի որ երգչախմբի մեծամասնությունը հրաժարվեց աշխատել նրա հետ։ Թեև այս պահին թատրոնը չունի գլխավոր խմբավար, բայց երգչախումբը դարձյալ դժգոհ է։ Ինչպես մեզ տեղեկացրեցին, 70 հոգանոց երգչախմբից 4-5 մեներգիչներ սպառնում են փոխտնօրենին, պահանջում երգչախմբի ղեկավարության հրաժարականը, փորձեր չեն անում, վերջին ներկայացումը «խայտառակ» վատ են երգել, երեկվա փորձն էլ տապալել են՝ սպառնալով հեղափոխություն անել։
Թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անառողջ խմորումներ են գնում, զանգում բոլորին (մամուլին) տեղեկացնում են, բայց իրականում աշխատանքային մթոնոլորտ է․ «Մեզ մոտ 500 հոգուց ավել կոլեկտիվ է, մեկ սկսում են իրար սիրել, մեկ սկսում են իրար ատել, ամեն ինչ աշխատանքային գործունեության շրջանակում է, ոչ մի արտառոց բան չկա։ Նորմալ աշխատանքային մթնոլորտ է, պարապմունքները գնում են, նոր օպերա են սովորում»։
Ինչ վերաբերում է նրան, որ փորձ են տապալել, ապա այդ առիթով բացատրություն են պահանջել խմբավարից՝ Հրաչ Բորյանից, որն աշխատում է երգչախմբի հետ, փորձերն անցկացնում․ «Հիմա բացատրություն կտա՝ կտեսնենք փորձը տապալվե՞լ է, թե՝ ոչ։ Գրաֆիկը իրենք են դնում, ինչպես իրենց հարմար է, կարող է հետաձգել են, կամ նշանակած չի եղել, նրբություններ կան, մի շտապեք, մեզ էլ մի շտապեցրեք, առաջինը մենք ենք ուզում, որ ամեն ինչ նորմալ լինի մեզ մոտ»,- ասաց Կիրակոսյանն ու տեղեկացրեց, որ թատրոնն այս պահին չունի գլխավոր խմբավար, կունենա՞, թե՝ ոչ՝ չի կարող ասել, դա Կոնստանտին Օրբելյանի գործառույթն է։