Տրետյակովյան պատկերասրահի ինժեներական կորպուսից գողացել են Արխիպ Կուինջիի «Այ-Պետրի: Ղրիմ» նկարը, «Լենտա.ռու»-ին հաղորդել է իրավապահ աղբյուրն մարմիններում:
Նրա խոսքերով՝ գողությունը կատարվել է բավականին կոպտորեն. անհայտ անձը մոտեցել է կտավին, հանել այն պատից, հեռացրել շրջանակն ու անհետացել: Բոլոր ականատեսները միանգամայն վստահ էին, որ դա արել է պատկերասրահի աշխատակիցներից մեկը, եւ միայն մի քանի րոպե անց պարզ էր դարձել, որ տեղի ունեցածը գողություն է:
Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ-ի գլխավոր վարչությունում հայտնել են միայն, որ միջադեպի մասին տեղեկատվությունը ստուգվում է: Տրետյակովյան պատկերասրահում խոստացել են առաջիկայում ներկայանալ հայտարարությամբ, սակայն առայժմ ոչինչ չեն մեկնաբանում:
Իրավապահ մարմիններում «Լենտա.ռու»-ի աղբյուրը հաղորդել է, որ դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը: «Ուսումնասիրվում են տեսախցիկների ձայնագրությունները, պարզվում են հանցագործի ինքնությունը եւ նրա տեղաշարժման երթուղիները»,-ասել է նա եւ նշել, որ հետաքննության հեռանկարների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ոստիկանության աշխատանքը նոր է սկսվել:
«Թանգարանային սնոբ» Telegram-ալիքում հայտնել են, որ Տրետյակովյան պատկերասրահի մուտքը փակ է, իսկ բոլոր նրանց, ովքեր հեռանում են, ոստիկանության աշխատակիցները խուզարկում են: Մինչդեռ ականատեսները հրապարակում են լուսանկարներ, որոնցում տեսանելի են եւ′ դատարկ շրջանակը, եւ′ բոլոր այցելուների խուզարկությունը:
Արխիպ Կուինջին բնանկարի ականավոր վարպետ է, XIX դարի ռուս «պերեդվիժնիկ» նկարիչ է՝ հունական արմատներ ունեցող: Նրա ստեղծագործությունը դեռեւս կենդանության օրոք կապված էր Տրետյակովյան պատկերասրահի հետ. հենց այդտեղ էին անցկացվում նրա բազմաթիվ կտավների մոնո-ցուցահանդեսները («մեկ կտավի ցուցահանդես»): Կուինջին մահացել է 1910 թվականին: