Հարցազրույց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ
– Պարոն Մարտիրոսյան, վերջերս անդրադառնալով համացանցում երեխաների պաշտպանվածության խնդրին, նշել էիք 168.am, որ հիմա ամենատարածված խնդիրներից մեկն այն է, որ ինտիմ բնույթի սոցցանցերում են երեխաների տվյալներն օգտագործվում: Երեխաների պաշտպանվածության համար ի՞նչ քայլեր եք առաջարկում:
– Թիվ մեկ քայլն այն է, որ ծնողները պետք է հետաքրքրվեն այս ոլորտով: Մեր հասարակության մեջ առկա մյուս խնդիրները ծնողներին ծանոթ են, որովհետև իրենք էլ են երեխա եղել ու մոտավորապես պատկերացնում են՝ ինչ վտանգներ կան: Բայց համացանցի հետ կապված բոլոր խնդիրները նոր են, այսինքն՝ չկան ավանդական դաստիարակչական մեթոդներ, ընդունված նորմեր: Հետևաբար, թիվ մեկ խնդիրն այն է, որ ծնողը նույնիսկ չի էլ գիտակցում, թե ինչ խնդիրներ կարող են երեխայի մոտ լինել, այնպես որ, ծնողը պետք է հետաքրքրվի:
Երկրորդն այն է, որ երեխաներին է պետք կրթել: Այսօր դպրոցը հիմնականում այդ խնդիրը չի լուծում: Եթե կոնկրետ դասատու եղավ, կհուշի, կկրթի, եթե ոչ, ուրեմն՝ ծրագրային ձևով այդ ամենը ներդրված չէ:
Երրորդ քայլն այն է, որ ծնողները պետք է տեղյակ լինեն, թե երեխաները որտեղ են գրանցված, ստուգեն նրանց անվտանգության կարգավորումները, որպեսզի երեխան բոլորի համար բաց գրառումներ չկատարի: Օրինակ՝ նույն Ֆեյսբուքն անչափահասների համար ավտոմատ ընտրում է «միայն ընկերների համար» ռեժիմ, եթե տարիքը ճիշտ են նշում: Բայց երեխաները շատ հաճախ սխալ տարիք են նշում, հատկապես, եթե 13-ից ցածր տարիքի են, որովհետև Ֆեյսբուքը 13-ից ցածր տարիք ունեցողներին թույլ չի տալիս գրանցվել:
– Ծնողները կոնկրետ ի՞նչ պետք է անեն:
– Իմ կարծիքով՝ ինչ-որ տարիք կա, որից ցածր երեխան ընդհանրապես ինտերնետի հետ չպետք է կապ ունենա, իսկ եթե ունենում է, ապա՝ միայն ծնողի ներկայությամբ: Օրինակ՝ 7-8 տարեկան երեխան, եթե գրանցվում է սոցցանցում, դա արդեն գլոբալ խնդիր է, որովհետև ինչքան ուզում են՝ վերահսկեն, մեկ է, երեխայի աչքին ընկնելու են բաներ, որոնք չպետք է տեսնի: Սոցցանցերն այդքան խիստ սահմանափակումներ չեն մտցնում:
– Դուք նշեցիք, որ ծնողը նույնիսկ չի էլ գիտակցում, թե ինչ խնդիրներ կարող են երեխայի մոտ լինել. մի քանի խնդիրներ կամ վտանգներ կնշե՞ք:
– Մանկապիղծների համար սոցցանցերը դարձել են շատ լուրջ հարթակ: Արդեն Հայաստանում էլ կան դեպքեր, դա միայն «այլասերված» արտասահմաններում չի: Երեխաների անձնական տվյալների օգտագործումը ևս խնդիր է, որ նրանց անունից գրանցումներ են կատարում: Էլ չասած՝ մի խնդիր, որն ընդհանրապես Հայաստանում չի էլ շոշափվում՝ կիբերհետապնդումը, երբ երեխային դարձնում են թիրախ, օրինակ՝ հենց իր համադասարանցիները ցանցում: Դա լուրջ խնդիր է, որը գիտակցված մոտեցում է պահանջում ոչ միայն՝ ծնողների, այլ նաև՝ դպրոցի կողմից:
– Դուք նաև նշել էիք, որ երեխաներին առաջին դասարանից պլանշետ են բաժանում, որն անիմաստ է, քանի որ, եթե պլանշետ բաժանում են ու չեն սովորեցնում օգտվել, նույնն է, որ երեխաներին տանես առաջնագիծ ու ասես՝ այստեղ յոլա գնացեք, հետո մի բան կլինի, մի քիչ էլ գլուխներդ ցածր պահեք՝ կարող է կրակեն։ Դուք ի՞նչ լուծում եք առաջարկում:
– Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ իմաստ չունի ցածր դասարանների երեխաներին պլանշետ տալը: Այսինքն՝ ես կարող եմ պատկերացնել պլանշետի կիրառումը, օրինակ, զուտ երեխաներին դասագրքերից ազատելու համար. վերջիվերջո, շատերը ողնաշարի խնդիրներ են ունենում այն պատճառով, որ 40 կիլո գիրք են քարշ տալիս: Բայց երբ այդ պլանշետն ինքնանպատակ է դառնում, դա այլ հարց է: Կարևոր է ուսուցիչների վերապատրաստումը, ընդ որում, ոչ միայն՝ ինֆորմատիկայի, այլև՝ մյուս բոլոր առարկաների ուսուցիչներին: Պետք է դպրոցների միջոցով վերապատրաստել նաև ծնողներին, օրինակ՝ դպրոցական ժողովների ժամանակ: Նաև պետք է երեխայի հետ աշխատել: Այստեղ ոչ միայն անհատական տվյալների և այլնի խնդիրն է, այլ մի ուրիշ խնդիր էլ կա. եթե սկզբից այն դրվածքը չդրվի, որ երեխան համացանցը պետք է միայն որպես կրթվելու գործիք օգտագործի, նա կարող է ամբողջ օրը խաղեր խաղալ: Այսինքն՝ պետք է հենց սկզբից այդ գործիքի ճիշտ կիրառումն ու ձևերը ցույց տալ: Նույն պլանշետը տարբեր ձևերով կարելի է օգտագործել, ու ամենապարզ ձևը խաղեր խաղալն է. եթե երեխային հունի մեջ չես գցում, նա ավտոմատ գնում է դեպի խաղերը:
– Ի՞նչ ծրագրեր խորհուրդ կտաք ծնողներին՝ որոշակի ինտերնետ-արգելափակումների համար, որպեսզի երեխաները, ասենք, մեծահասակների համար նախատեսված կայքերից չօգտվեն, և այլն:՛
– Նման ծրագրեր հենց օպերացիոն համակարգերի մեջ էլ կան ներդրված, բայց ծնողը պետք է ուսումնասիրի այդ ամենը: Օրինակ՝ նույն Windows-ի մեջ երեխան պետք է այլ User-ով մտնի, ու ծնողը, որ ադմինիստրատորն է, դրա վրա սահմանափակումներ դնի: Այդ սահմանափակումները կարող են լրացուցիչ ծրագրերով էլ լինել, ու ոչ միայն՝ այցելվող կայքերը սահմանափակվեն, այլ նաև՝ ժամանակը, թե ինչքան ժամանակ երեխան կարող է համակարգչից օգտվել: Համակարգիչն ավտոմատ անջատվում է, որպեսզի երեխան 5 ժամ դիմացը «չթթվի»: Բայց այդ ամենը պետք է նաև հեռախոսի հետ կատարվի, եթե երեխան սմարտֆոն ունի:
Ռազմիկ Մարտիրոսյան