«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՀ) շարժման նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իր անօտարելի իրավունքների պահանջատերը դարձնելով և տնտեսաքաղաքական համակարգային փոփոխություններ կատարելով, Հայաստանի Հանրապետությունը ազգային ժողովրդավարական պետություն դարձնելն է։ Ըստ ՀԱՀ հիմնարար սկզբունքի՝ Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է։
Շարժման համակիրներից են մշակութաբան, հրապարակախոս Արթուր Արմինը, պրոֆեսոր Ստեփան Սահակյանը, հասարակագետ Կարինե Հակոբյանը, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, պատմաբան Վահե Անթանեսյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և այլք:
Նոր շարժման նպատակային ուղերձում մասնավորապես նշվում է. «Մարդիկ ոչ թե պետք է առաջնորդ ցանկան ու երկրպագեն նրան, այլ պահանջեն կոնկրետ իրավունքներ և համակարգային նոր ձևաչափեր։ «Ինչպիսի՞ Հայաստան ենք ցանկանում ունենալ, և ինչպե՞ս կառուցել այն» հարցադրումն ունի հստակ պատասխաններ։ Ներկայացված համառոտ դրույթները ՀՀ քաղաքացու շահերի և իրավունքների մասին են, որոնք հնարավոր է իրականացնել միմիայն համակարգային փոփոխությունների հիմքով։ Իրավական և տնտեսաքաղաքական համակարգային փոփոխություններն այն ուղղություններն են, որոնց գործարկումով հնարավոր է կառուցել մեր ժողովրդի ապագայի հավաքական բաղձանքը։ Եվ համաշխարհային փորձից ու մեր պատմությունից լավը վեցնելով պետք է նաև մտածել ստեղծել նորը՝ տնտեսական կացութաձևի և կառավարման համակարգերի ինքնատիպ ու առաջնային այն կառույցները, որոնք Հայաստանի Հանրապետությունը կարող են դարձնել ժողովրդավար, հզոր և աշխարհաքաղաքական մարտահրավերներին պատրաստ»։
Ավելի մանրամասն՝ aanc.am