Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է․ Զոհրաբ Մնացականյան
Advertisement 1000 x 90

Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո տարածված հայտարարությանն ավելացնելու բան չունի։

Նա Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ուրախությամբ փաստել է, որ նույն բովանդակությամբ հաղորդագրություն է եղել նաև մյուս կողմից՝ Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։ Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։

«Միշտ խոսել ենք նրա մասին, որ խաղաղությանը նպաստող միջավայր է անհրաժեշտ, քանի որ բոլորս հասկանում ենք, որ անհնար է մի կողմից բանակցել խաղաղություն մասին, իսկ մյուս կողմից թշնամություն կամ էսկալացիոն լարվածության մեծացանում լինի։ Բոլոր այն հանգամանքները, որ նպաստում են խաղաղությանը նպաստող միջավայրին, կարևոր են և էական»,- ասաց նա։

Մնացականյանի խոսքով՝ այս ընթացքում հայկական կողմը որևէ կերպ չի շեղվել իր որդեգրած սկզբունքներից։ Ըստ նրա՝ ՀՀ-ի համար եղել ու մնում է կարևոր Արցախի խնդրի խաղաղ կարգավորումն ու ստատուս քվոն։

«Այսօր մենք ունենք մեր գերակայությունները, այդ առումով բանակցություններում չի եղել մի բան, որի մասին դուք չիմանաք։ Շատ հետաքրքիր է, թե ինչպիսի մեկնաբանություններ կան, նաև որոշակի կասկած կա, թե մենք ինչ-որ պարտվողական տրամադրվածություն ունենք, թե ինքնավստահություն ենք կորցրել։ Վստահ եղեք, նման բան չունենք և կարիք չկա տեսնելու մի բան, որը չկա։ Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ էր նշանակում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի այն հայտարարությունը, թե ի վերջո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև փոխըմբռնում կա, Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, թե փոխըմբռնումն այն է, որ հստակ են Հայաստանի մոտեցումները։ ԱԳ նախարարը, խոսելով 2 պետությունների հասարակությանը խաղաղության պատրաստելու մասին, նկատեց, որ սա անհրաժեշտություն է, և որևէ որոշում չկա, ավելին՝ եղել է նաև նախկինում։

«Սա, որպես սկզբունք, մենք արտահայտել ենք, որևէ նորություն չկա։ Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, սա չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր վճռականությունը։ Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»,- շեշտեց Մնացականյանը։

ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած հանդիպումների շրջանակից դուրս հանդիպումներին, նշեց, որ դրանք եղել են հանպատրաստից, իսկ ղեկավարներն առիթն օգտագործել են իրար ավելի լավ ճանաչելու ու հասկանալու համար։



Նման նյութեր