Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմքը՝ ՀՀ զինված ուժերը, հունվարի 28-ին նշում են կազմավորման 27-րդ տարեդարձը: «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում հայոց բանակին իրենց շնորհավորանքներն են հղել դերասան Վիգեն Ստեփանյանն ու բանաստեղծ Հուսիկ Արան:
«Բանակը ցանկացած երկրի հիմքն է, ապահովությունն ու խաղաղության երաշխիքը: Մենք շատ լավ բանակ ունենք. փայլուն տղաներ են, փայլուն սպաներ: Միշտ մեծ հարգանքով ու ակնածանքով եմ վերաբերվում մեր բանակին, վստահում եմ ու հպարտ եմ, որ երկիրս նման բանակ ունի»,- նշեց Ստեփանյանը:
Նա խաղաղություն մաղթեց մեր բանակին և հավելեց, որ ցանկանում է՝ տղաները ստիպված չլինեն իրենց կյանքը վտանգել դիրքերում, և թշնամական հարևանները վերջապես հասկանան, որ Արցախն իրենցը երբեք չի լինելու:
Հուսիկ Արայի խոսքով՝ մենք դարեր շարունակ երազել ենք բանակ ունենալ: «Բանակը մեր հպարտությունն է, մեր էությունն է, մեր պաշտպանն է: Մեր բանակը ոչ թե պատերազմող, այլ խաղաղություն հաստատող բանակ է»,- շեշտեց բանաստեղծը:
Նա հիշեցրեց, որ 1990-ականներին էլ ազատագրական շարժում ենք սկսել և պատահական չէ, որ հերոսներին անվանել ենք ազատամարտիկներ:
«Այսօր մեր երիտասարդները, հրամանատարական, սպայական կազմը նույն գիտակցությամբ է ծառայում և հարկ եղած դեպքում, ինչպես տեսանք ապրիլին, կյանքը կարող է տալ հանուն հողի, երկրի, ընտանիքի, անհուն խաղաղության»,- ասաց նա:
Հուսիկ Արան ընդգծեց. «Քնած, թե արթուն մտածում ենք բանակի մասին, քանի որ այնտեղ են մեր զավակները, մեր ընկերները, եղբայրները: Փառք մեր բանակին, և թող Աստված տա, որ մեր զինվորների զենքերից միայն ծաղիկներ թափվեն»: