Lragir.am-ի զրուցակիցն է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, Հայաստանում ձևավորվել է լեգիտիմության ու համաժողովրդական վստահության տեսակետից նախադեպը չունեցող իշխանություն: Ինչպիսի՞ն են, ձեր ընկալմամբ, սպասելիքները այս նոր իշխանությունից:
– Այդ կապակցությամբ ձեզ մի իրական պատմություն պատմեմ: Հանրահայտ փաստ է, որ 1988-ի երկրաշարժի ժամանակ Լենինականում նորակառույց բարձրահարկերը վայրկյանների ընթացքում փլատակների վերածվելու հիմնական պատճառը շինանյութի զանգվածային գողությունն էր և շինարարական նորմերի կոպիտ խախտումը: Իմ ծանոթներից մեկը, որը երկրաշարժի պատճառով կորուստներ էր ունեցել, նախկին ընտանիքի փրկված հատվածով և նոր կազմած ընտանիքով մի երեք տարի հետո որոշեց մի նոր տուն կառուցել` բնականաբար ամուր, կայուն և աղետի վտանգից էլ ապահով: Նա մի շինարարական բրիգադ վարձեց, որը կազմված էր բացառապես այն շինարարներից, որոնք նախորդ թվերի շինարարության հետ ոչ մի առնչություն չէին ունեցել:
«Ձեռքից մաքուր, ազնիվ մարդիկ են»,- ասում էր ծանոթս: Բայց շատ շուտ պարզվեց, որ այս ձեռքից մաքուր ու ազնիվ մարդիկ որպես շինարար ոչինչ են` ինչպես ասում են՝ քարը քարին ուղիղ դնել չէին բաշարում: Ծանոթս սրանց մի քանի անգամ զգուշացրեց, թե եթե գործից չեք հասկանում, կամ թարգեք, կամ գոնե ում որ պետք է հարցրեք, սովորեք: Սրանք ամեն անգամ, թե հարց չկա, ամեն ինչ կարգին կլինի, բայց գործը փաստորեն առաջ չէր գնում: Վերջը էս ծանոթիս համբերությունը հատեց և մի գեղեցիկ օր ելավ սրանց կապած տախտակամածի վրա, ոտքով տվեց-քանդեց սրանց շարած պատը, շուռ եկավ ու սրանցից երկուսին էլ տախտակամածից ներքև գցեց: Դեհ, հավաքվեք ու էստեղից… Սրանք մի քիչ հեռացան ու հեռվից սկսեցին գոռալ թե՝ իհարկե, ձեզ ազնիվ, մաքուր աշխատող պետք չէ, դուք գողերի ու թալանչիների եք սովոր: Էս ծանոթս սկսեց ծիծաղել: Սրանք մի պահ զարմացած կանգ առան: Այ ղամմազ,- դիմեց ծանոթս սրանց,- վաղը եթե շենքը նորից փլվեց ու ընտանիքով նորից հայտնվեցի փլատակների տակ, տարբերությունը որն է, ցեմենտն ու ավազը գողանալու պատճառով է շենքը քանդվել, թե շինարարի անճարակության պատճառով:
Այսպիսին է իմ այսօրվա ընկալումն ու գնահատականը նոր ձևավորված իշխանության նկատմամբ:
– Այլաբանությունն հասկանալի է, իսկ ավելի պարզ:
– Ավելի պարզն այն է, որ պետականության ուժեղացման, պահպանման կամ թուլացման ու կորստյան առումով, բացասական արդյունքի դեպքում բացարձակապես միևնույն է, թե կատաստրոֆիկ ելքը վրա հասավ մի խումբ դավաճանների, պետությունը թալանողների, թե պետական կառավարման հարցերում անտեղյակ ու անկարող մի խումբ անձանց ոչ ադեկվատ գործունեության պատճառով: Այսինքն քաղաքական ասպարեզում բացահայտ դավաճանությունն ու անտեղյակ անկարողությունը վերջնական արդյունքի տեսակետից միմյանց միանգամայն համարժեք են: Պետական կառավարման ոլորտը, այն էլ պատերազմող պետության համար, «քաղաքական ստաժիրովկայի» վայր չէ: Այստեղ գալիս են արդեն պատրաստի և քանիցս ամենախիստ ու դաժան փորձաքննություն անցած ծրագրով: Եթե դրանք չկան, ուրեմն քո պահանջարքն էլ տվյալ տեղում չկա:
– Ենթադրենք այդպես է, բայց չէ որ տվյալ կազմով ձևավորված իշխանությունը արդեն կատարված փաստ է:
– Աշխարհի ոչ մի երկրում էլ իշխանությունը չի ձևավորվում մի ինչ-որ ստերիլ ցուցակով: Պարզապես այն երկրում, որտեղ ընտրություններից հետո ժողովուրդը չի ասում, թե ահա ձեզ ընտրել ենք, դե այնպես արեք, որ մենք լավ ապրենք, այլ շարունակում է վերահսկել իր ձևավորած իշխանության գործունեությունը, իշխանությունը մշտապես զգաստ է, անկարողը հեռանում է, տեղը գալիս է իրենից ունակը և լինում է ցանկալի արդյունք: Այդ անկարող, անտեղյակ, որոշ դեպքերում նաև նախկինից եկած օդիոզ կերպարներին կարգի հրավիրելն ու իրենց իսկական տեղը ցույց տալը դա նույնպես ժողովրդի գործն է: Հակառակ դեպքում լինում է այն, ինչ որ եղել է մեզանում մինչ օրս:
– Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ կան դժգոհություններ, որ լյուստրացիա չարվեց:
– Այդ հարցին անդրադառնալուց առաջ ես հարց տամ. Մեզանից որևիցե մեկը հաշվել է, թե քանի հայ մարդ և քանի եղանակներով ու ձևերով այսօր բացահայտ պատերազմ է վարում հայկական պետության դեմ, խարխլում հայկական պետականությունը: Ճշտեմ` ոչ թե հայաստանյան իշխանությունների դեմ, այլ հենց հայկական պետականության դեմ: Մեկը եթերով, մյուսը մամուլով, մեկը տղա բերելով, մյուսը թուրքի հետ ախպերանալով, մեկը բանտից, մյուսը բեմից, մեկը Երևանից, մյուսը Մոսկվայից: Նախ դրանց պետք է բոլորին բացահայտել, ի հայտ բերել և պետության շահերից բխող քայլեր ձեռնարկել այդ սողացող բացահայտ ավերիչ վտանգը կանխելու և չեզոքացնելու համար: Այո, ասում են թե Նիկոլը լյուստրացիա չարեց: Բայց կյանքը ինքը կատարեց ամենահզոր և ամենամանրամասն լյուստրացիան: Ում համար գաղտնիք է այսօր, ում համար տեսանելի չէ հայկական իստեբլիշմենտի նույնիսկ ամենաշարքային ներկայացուցչի դեմքն ու կերպարը, նրա իրական վերաբերմունքը Հայաստան պետության նկատմամբ: