«Աբովյան» բժշկական կենտրոնից հունվարի 29-ին, ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը՝ մահացած:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյանի ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ:
Հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Իրականացվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատություն: