Արմեն Մելիքբեկյան. Ապրիլին պատրաստ կլինեն Վայոց Ձորի 10 խաղադաշտերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արմեն Մելիքբեկյան. Ապրիլին պատրաստ կլինեն Վայոց Ձորի 10 խաղադաշտերը

ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրերի իրականացման շրջանակներում մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի և մարզերում պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտերի կառուցման մասին:

«Մարզային ենթակառուցվածքների զարգացումը մասսայական ֆուտբոլի զարգացման մի մասն է:

Առաջին փուլում մենք մարզերում սիրողական ֆուտբոլի մարզադաշտեր ենք կառուցում` 40 մետր երկարությամբ և 20 մետր լայնությամբ արհեստական խոտածածկով և ցանկապատերով:

Առաջին` հետազոտական փուլն արդեն ավարտվել է: Առաջին 10 խաղադաշտերը կառուցելու ենք Վայոց Ձորի մարզում, արդեն ընտրվել են բնակավայրերը, հանդիպել ենք մարզպետի, համայնքապետերի հետ ու քննարկել բոլոր մանրամասները:

Ծախսերի հիմնական մասը` ֆունդամենտը, դաշտը, արհետստական խոտածածկերի տեղափոխումը Հոլանդիայից, կատարվելու է ՀՖՖ-ի հաշվին: Ներդրում է ունենալու նաև համայնքը, կառուցելու է ցանկապատն ու գուցե` երկու լույս:

Այդ 10 խաղադաշտերն օգտագործվելու են սիրողական մրցաշարերի, մասսայական ֆուտբոլի համար, որից հետո մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք այլ մարզերի վրա: Դաշտերի կառուցումը նախատեսում ենք իրականացնել ապրիլին: Այդ ժամանակ կունենանք մեր 10 դաշտերը»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

ՀՖՖ Առաջին փոխնախագահի խոսքով իրենք ուշադրություն են դարձնում նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի վրա: Բանակցություններ են ընթանում Կապանի մարզադաշտի վերաբերյալ, ինչպես նաև մի քանի ծրագիր են փորձում իրականացնել Արմավիրում.

«Արդեն ներդրողներ կան, բանակցություններն ընթանում են: Շուտով շահագործման կհանձնվի նաև Սևանի արհեստական խոտածածկով խաղադաշտը»,- եզրափակել է իր խոսքը Արմեն Մելիքբեկյանը:

armsport.am