Երևանի կենտրոնը վաղուց հսկայական ավտոկայանատեղի է դարձել, որից այն կողմ քաղաքը երբեմն չի երևում։ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և արդեն հրապարակներում մեքենան կանգնեցնելու տեղ չկա, ավելին, որոշ տարածքներ վերածվել են գերատեսչական կայանատեղիների։ Խնդիրն առավել քան հասունացել է, և ավագանին փորձում է դրա լուծման ռազմավարություն մշակել։
Երևանի ավագանին, երևում է, սկսել է սևեռուն ուշադրություն դարձնել քաղաքում կայանելու տեղերի հետ կապված աննորմալ վիճակին, հատկապես Երևանի կենտրոնում։ Օրերս շատ վարորդների համար անակնկալ է դարձել Շահումյանի հրապարակում ավտոմեքենաները կայանելու արգելքը. գրեթե ոչ ոք չի իմացել այդ նորամուծության մասին։ Բայց բանն այն է, որ մեկ հարթակի բեռնաթափումը չի լուծի խնդիրը. ավտոմեքենաների վարորդները կսկսեն տեղեր որոնել հարևան փողոցներում` ավելի շատ ծանրաբեռնելով դրանք։
Դա հենց այն դեպքն է, երբ կարելի է և պետք է ասել, որ Երևանը ռետինից չէ։ Ավագանու անդամ, իրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Գայանե Մելքոմյանն ասում է, որ քաղաքապետարանը լի է հրապարակները քաղաքին վերադարձնելու վճռականությամբ, մասնավորապես` Շահումյանի հրապարակը։ Իսկապես այդ վայրը նույնիսկ դադարել է ընկալվել որպես քաղաքի հրապարակներից մեկը` վաղուց վերածվելով սովորական հարմար ավտոկայանատեղի։
Այնուամենայնիվ, այնտեղ կայանած մեքենաներն արգելքից հետո հօդս չեն ցնդում, տերերը դրանցից չեն հրաժարվի և հազիվ թե դուրս գան աշխատանքից միայն այն պատճառով, որ հիմա չեն կարող հրապարակում թողնել իրենց տրանսպորտը։ Այնուամենայնիվ, քաղաքապետարանի հետ պայմանագրերի համաձայն, հրապարակի տարածքը` հուշարձանին անմիջականորեն հարող հատվածը, գործում է որպես գերատեսչական ավտոկայանատեղի, որը սպասարկում է մոտակայքում գտնվող երկու բիզնես կենտրոնները։
Պայմանագիրը երկարացվում է տարեկան մեկ անգամ, և այս անգամ հարցը բուռն քննարկումներ է առաջացրել ավագանում, ասում է Մելքոմյանը։ Մոտեցումը, իհարկե, ճիշտ է ձևակերպվել, քաղաքի հասարակական տարածքները, որոնք մի ժամանակ հանձնվել են մասնավոր շահագործման, պետք է վերադարձվեն քաղաքին և հասարակությանը։
Սակայն դա հեշտ է ասել, բայց շատ դժվար է իրականացնել, առավել ևս, որ գերատեսչական կայանատեղերում տեղ են գտել նաև մարդկանց ավտոմեքենաները, որոնք կապ չեն ունեցել այդ գերատեսչությունների հետ։ Գայանե Մելքոմյանը օրինակ է բերում նաև Հանրապետության հրապարակը, որտեղ կայանատեղերից բացի ակնհայտորեն առկա է մեկ այլ խնդիր. փողոցային, անկանոն առևտուրը, որն անտանելի է դառնում հատկապես տոնական օրերին։
Մելքոմյանը խոստովանում է, որ տվյալ պահին պատասխան չկա այն հարցին, թե այսօր ինչ անեն նրանք, ովքեր տարիներով ավտոմեքենաները թողել են Շահումյանի հրապարակում։ Գայանե Մելքոմյանն առաջարկում է նրանց տեղեր որոնել հրապարակի շրջակայքում, թեև գիտի, որ դա անելը դժվար կլինի։
Մեր անունից ասենք, որ դեմ չենք քաղաքի այդ և այլ հրապարակները ավտոմեքենաների կուտակումներից ազատելուն։ Բայց որքանո՞վ է ճիշտ իրագործել կամային որոշումներ` մարդկանց չառաջարկելով ոչ մի այլընտրանք։ Ցանկացած երևանցի հիանալի գիտի, որ Շահումյան հրապարակի շրջակայքը, որտեղ երաշխավորված կարելի է տեղ գտնել կայանելու համար, դա, հավանաբար, Իսակովի պողոտան է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am