Ինչպես գրում է aravot.am-ը, Ռուսաստանի տարածքում https://www.aravot-ru.am/ կայքն այլեւս արգելափակված է:
Կայքն արգելափակվել է «Ռոսկոմնադզորի» պահանջով, Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանի որոշմամբ, իբրեւ թե խախտվել է անհատական տվյալների մշակման վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը:
Aravot.am-ը «Ռոսկոմնադզորին» տեղեկացրել էր, որ վիճարկվող նյութը մեր հեղինակայինը չէ, այլ վերահրապարակվել է «Прайм Крайм»-ից՝ համապատասխան հղումով:
Նյութում նշվել էր, որ հայտնի են դարձել Չեխիայի հանրապետությունում «օրենքով գողերի» հավաքը կանխարգելելու համար բերման ենթարկված բոլոր անձանց անունները, որոնց մեջ նաեւ հայեր կային՝ Ռուբեն Թաթուլյանը, Անդրոնիկ Մումջյանը եւ Վաչագան Թաշճյանը:
Առավել մանրամասներ կային «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանի մասին. ըստ աղբյուրի՝ այդ հավաքում նախատեսված էր նրան «օրենքով գող» օծելու թագադրությունը:
Ուսումնասիրելով ռուսական որոշ լրատվամիջոցներ, Aravot.am-ը պարզեց, որ Թաթուլյանի մասին նույնաբովանդակ հրապարակումները, որը մեր կայքից հեռացնել էր պահանջում «Ռոսկոմնադզորը»՝ զգուշացնելով ՌԴ տարածքում արգելափակման մասին, ռուսական որոշ լրատվամիջոցներում պահպանվել են եւ չեն հեռացվել:
Այս խնդրին հունվարի 30-ին անդրադարձել է ռուսական կայքը «Зачем вор Робсон Рубен Татулян пытается скрыть свой уголовный статус?» հրապարակմամբ:
Ըստ աղբյուրի, «Ռոսկոմնադզորը» «Прайм Крайм»-ից՝ պահանջել է կայքից հեռացնել 10 հրապարակում, որտեղ հիշատակվում է Ռուբեն Թաթուլյանի՝ «գողական հավաքի» ժամանակ 2017-ի մայիսին ձերբակալման մասին: Դաշնային մարմինը, հղում անելով Տագանսկի շրջանի դատարանի որոշմանը, տեղեկացրել է, որ խախտվել է անհատական տվյալների մշակման վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը: Այս նույն լրատվամիջոցը գրում է՝ «Ուշագրավ է, որ «Ռոսկոմնադզորը» «Прайм Крайм»-ից պահանջում է հեռացնել Թաթուլյանի մասին հիշատակվող այլ լրատվամիջոցներից՝ «Преступная Россия», «Пражский Телеграф», КОНТ եւ այլք, վերահրապարակած նյութերը»: Աղբյուրը նշում է՝ «Այս բոլոր լրատվամիջոցներին միավորում է մեկ թեմա՝ Սոչիի քրեական հեղինակություն Թաթուլյանը, որը ՀՀ ԱԳՆ-ից դիվանագիտական անձնագիր է ստացել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am