Երբևէ լսել ե՞ք՝ ինչպես են հնչում աստղերը: Այս հարցը շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց դա իրականություն է: Երկնային մարմինները՝ աստղերը, մոլորակները, ձայներ են արձակում, այլ կերպ ասած՝ տիեզերական երաժշտություն, որ կարող է շատերին զարմացնել:
Մեր հայրենակից, աշխարհահռչակ աստղագետ Գարիկ Իսրայելյանը տիեզերական այդ երաժշտության շտեմարան է ստեղծել, որն առաջին անգամ կներառվի մարդու կողմից ստեղծված երաժշտական ստեղծագործության մեջ: Այն կներկայացվի «Սթարմուս» փառատոնում, որի հիմնադիրը դարձյալ հայ աստղաֆիզիկոսն է:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գարիկ Իսրայելյանը սկսեց ուսումնասիրել աստղերի՝ մթնոլորտում առկա ակուստիկ ալիքները: Աստղաֆիզիկոսի հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հնչողություն ունեն բոլոր աստղերը՝ ամեն մեկն իր յուրահատուկ լադով: Այդ ձայներն իրականում թույլ են տալիս պատկերացում կազմել աստղի կազմության, քիմիական բաղադրության, կշռի ու տրամագծի մասին:
Աստղաֆիզիկոսը կարողացել է այդ ձայները մարդու ականջի համար հասանելի դարձնել, այդ բազայի հիման վրա երաժշտություն ստեղծել: Եվ ահա, առաջին անգամ այդ ձայները կներառվեն մարդու կողմից ստեղծվող երաժշտական կոմպոզիցիայում:
Այդ մասին խոսվել է ընդամենը մի քանի օր առաջ՝ Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած հատուկ քննարկման ժամանակ: