Աբովյանում «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի գործի շրջանակներում ձերբակալված երիտասարդի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ մյուս ձերբակալված անձի` 1984 թվականին ծնված քաղաքացու կալանավորման միջնորդությունը դատարանը բավարարել է:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` 1995 թվականի ծնված երիտասարդը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդի՝ 24-ամյա Շանթ Մանուկյանն է:
Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4 մասի 1-ին կետով ( խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացել դիմել դատարան նրան նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը մահացած է եղել: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակի Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989 թ., ևս 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։