aravot.am կայքում տեղադրված է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հրապարակումն այն մասին, որ ոմանք փորձում են լրատվամիջոցներից ջնջել իրենց հայտնած մտքերի մասին տեղեկությունները։
Աբրահամյանը մասնավորապես գրում է. «Անիրագործելի խնդիր է իր աշխատակիցների առաջ դրել ռուսաստանցի մեծահարուստ Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոնը): Նա, ըստ երեւույթին, ցանկացել է ամբողջ համացանցից հեռացնել իր մասին բոլոր տեսակի բացասական (կամ, իր կարծիքով, բացասական) հիշատակումները:
Որպես գործիք ընտրվել են Մոսկվայի դատարանները, որոնց դատավարություններից մենք որեւէ տեղեկություն չունենք, իսկ որպես պատրվակ՝ «անձնական տվյալների հրապարակումը»: Եվ ահա այդ մեղադրանքով ՌԴ տարածքում օրերս արգելափակվել է aravot-ru.am կայքը: Ըստ դատարանի եւ «Ռոսկոմնադզորի»՝ Թաթուլյանի «անձնական տվյալներ» են հրապարակվել մեկ տարի առաջ լույս տեսած՝ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ճեպազրույցի մասին մեր ռեպորտաժում: Ստիպված եմ հիշեցնել, թե ինչ է ասել «Առավոտի»՝ խնդրո առարկա հրապարակման մեջ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան Ռուբեն Թաթուլյանի մասին. «Գիտեք, մարդկանց պետք է նախ բազմակողմանի դիտարկել, քննարկել: Ինքը նաեւ դրական դեր էլ է կատարում: Վերջիվերջո, Սոչիում կա հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաեւ համայնքի հետ կապված: Ինքը շատ հաճախ էդ խնդիրը կարողանում է… էդ եկեք ֆիքսենք:
Իսկ ինչ վերաբերում է խորհրդականին, նա այլեւս խորհրդական չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Շավարշ Քոչարյանը եւ հիշեցրել` ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նա այլեւս նախարարի խորհրդական չէ, բացի այդ էլ, եղել է արտահաստիքային խորհրդական: Ահա նման արտահայտություններն են, որ հիմք դարձան Մոսկվայի դատարանի որոշման համար: Ասացեք, խնդրեմ, Ռուբեն Թաթուլյանի ո՞ր անձնական տվյալներն է հրապարակել փոխարտգործնախարարը:
Պարզ է, կարծում եմ, որ իրականում խոսքը մեր, ռուսաստանցի, ընդհանրապես հետխորհրդային պաշտոնյաների եւ մեծահարուստների վերը նկարագրված մոլորության մասին է. նրանք կարծում են, որ արգելափակելով որեւէ լրատվամիջոց՝ հնարավոր է արգելափակել նաեւ իրենց մասին անցանկալի տեղեկատվությունը, եւ դրանից իրենց վարկը, հեղինակությունը, պատիվը կբարձրանան: «Առավոտի» դեմ դատարանի որոշման մեջ ես որեւէ քաղաքականություն չեմ տեսնում: Տեսնում եմ միայն մեր հայրենակցի կողմից իրավիճակի սխալ գնահատականը, որը բխում է տեղեկատվական հոսքերի մասին պատրանքներից: Բացարձակապես չեմ վրդովվում ու չեմ նեղվում դրանից։ Ընդամենը կարեկցում եմ Ռոբսոնին, որն իր ժամանակը, նյարդերը եւ փողերը ծախսում է մանր քինախնդրության վրա: Դա ցուցիչ է ներքին խռովության, որը, հուսով եմ, կանցնի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։