Սյսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes մակնիշի և բեռնատար Газель մակնիշի 35 ՏC 591 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Բախման հետևանքով բեռնատարում բարձված Coca-Cola ընկերությանը պատկանող շշերը թափվել են։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը, քանի որ դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ, և չի բացառվում՝ վթարի հետևանքով հիվանդանոց քաղաքացի տեղափոխվի։
Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է սյանը և մասամբ փակել ճանապարհը։ Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: