«ՀՀ պետական կառույցներից սադրիչ նամակներ են ուղղվել «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ներդրողներին». ռեժիսորն ԱԺ-ի բակում վերսկսել է հացադուլը
Advertisement 1000 x 90

«ՀՀ պետական կառույցներից սադրիչ նամակներ են ուղղվել «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ներդրողներին». ռեժիսորն ԱԺ-ի բակում վերսկսել է հացադուլը

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը վերսկսել է իր հացադուլը: Այս մասին ասված է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:

Հովհաննես Գալստյանը հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2015թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:

Նոյեմբեր 13-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ-ին, նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։

2016թ-ին կինոկենտրոնը ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։

Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ Պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնը առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով՝ յուրաքանչյուր տարվա համար։

«2016թ-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ-ին Մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է։

2018թ-ին կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով կամայականորեն չեղարկել է 2015թ-ին ստանձնած պարտավորությունը։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային ներդրումները՝ սառեցվել։ Ընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական ահռելի վնաս։ Ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ կինոկենտրոնի»,-նշվում է հայտարարության մեջ։

Կինոռեժիսորն ընդգծել է նաև, որ նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին ինքը հացադուլ է հայտարարել, ապա այն ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից տրվել են ֆիլմի պետական ֆինանսավորման վերսկսելու երաշխիքներ։ Հացադուլը դադարեցվել է։ Սակայն արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։

«Ավելին՝ ՀՀ պետական կառույցներից սադրիչ նամակներ են ուղղվել ֆիլմի ներդրողներին։

Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, 2019թ-ի փետրվար 3-ին՝ ժամը 15:00-ից վերսկսում է հացադուլը և պահանջում անհապաղ՝

Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։

Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից Մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։

Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։

Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»,-նշում է ինքը՝ Հովհաննես Գալստյանը։

Հիշեցնենք, որ 2019-ի փետրվարին էկրան պիտի բարձրանար «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց:

tert.am