Կոկորդիլոս բուծելու հարցում Պետական եկամուտների կոմիտեի հետ կապված այլեւս խնդիր չունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:
«Խնդիրը կոդն էր։ Եթե դու ներկրում ես մի բան, ՊԵԿ–ը կոդ է տալիս, բայց քանի որ սա առաջին դեպքն է, երբ կոկորդիլոսի ձու են ներկրում։ Նրանք չունենք մշակված օրենսդրություն, թե ի՞նչ է դա՝ թռչո՞ւն, թե՞ կենդանի։ Մենք խնդրել ենք ՊԵԿ–ին ճշտել, թե ինչ կոդի տակ պետք է ներկրել»,–նշեց նա։
Ընկերության հիմնադիրը մանրամասնեց՝ արդեն ունեն պատասխան. «Եթե ձու ենք ներկրում՝ լինելու է թռչունի, եթե կոկորդիլոս, ուրեմն կենդանու անվան տակ»։
Նրա խոսքով՝ ձուն արժե 400 դոլար եւ բերելու են Տանզանիայի, Քենիայի, Զամբիայի, Ուգանդայի բուծարաններից։
«Այս նախագծում դեռ ոչինչ ներդրված չէ, մենք փորձում ենք ստեղծել դաշտը, ճշտել մասնակիցներին։ Յուրաքանչյուր բիզնես խլում է մեկ տարուց ավելի նախապատրաստական աշխատանքների համար»,–ընդգծեց Խաչատուր Սարգսյանը։
Նա վստահեցրեց՝ երբ այդ ամենը պատրաստ լինի, մենք կոկորդիլոսը անպայման կբերենք։
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ կոկորդիլոս բուծելու իր ծրագիրը տեղից շարժվել է, սակայն կան նաեւ որոշ խնդիրներ ՊԵԿ-ում, մեր գործընկերները չէին կարողանում բնորոշումը տալ՝ կոկորդիլոսի ձուն թռչնի է, թե կենդանու: