«Արարատցեմենտը» պետությանը պատճառել է 269 միլիոն դրամից ավելի նյութական վնաս. ոստիկանություն
Advertisement 1000 x 90

«Արարատցեմենտը» պետությանը պատճառել է 269 միլիոն դրամից ավելի նյութական վնաս. ոստիկանություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն այդ առնչությամբ հաղորդագրություն է տարածել. «Օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների, մեկ տոննան 51.500 դրամ կանխիկ գումարով ձեռք է բերել շուրջ 540 միլիոն դրամի ցեմենտ, որն իրացրել է 54.000 դրամով։ Նախնական տվյալներով՝ Արտյոմ Զոհրաբյանը ցեմենտը ձեռք է բերել իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ։ Առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների կատարված գործարքի հետևանքով «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 81 միլիոն դրամը գերազանցող նյութական վնաս։

Բացի այս, Արտյոմ Զոհրաբյանը դարձյալ իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Արարատցեմենտ» ընկերության տնօրինության հետ՝ մեկ տոննա ցեմենտը 54.000 դրամով գնելու վերաբերյալ։ Պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիսից օգոստոս ընկերությունից գնել է 200.950.500 դրամի 3721 տոննա ցեմենտ։ Համաձայն պայմանավորվածության՝ գումարը ընկերության հաշվեհամարին փոխանցելուց հետո Արսեն Առաքելյանի միջոցով գնորդը յուրաքանչյուր տոննայի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել։ Նշված ապօրինի գործունեության արդյունքում ևս պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այն, նախնական հաշվարկով, 188.000.000 միլիոն դրամ է։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ուղարկվել է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն»։