Ինչպե՞ս ՀՀ կառավարության փոփոխությունը կազդի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վրա, որո՞նք են ոլորտի առաջնային խնդիրները և ի՞նչ ծրագրեր են իրականացվում դրանց լուծման համար, արդյոք արդյունավետ է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխության ձևաչափը:
Այս և այլ թեմաների մասին Armsport.am-ը զրուցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ:
– Պարո՛ն Ղազարյան, կառավարության կառուցվածքի առաջիկա փոփոխություններն ուղղակիորեն ազդելու են նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վրա: Նախարարությունների օպտիմալացումն ի՞նչ հնարավոր վտանգներ է պարունակում Ձեր ղեկավարած նախարարության համար:
– Չեմ կարծում, թե որևէ վտանգ կա: Հարցը զուտ գործառույթներն են: Եթե մենք շարունակենք կատարել մեր գործառույթները, որևէ վտանգ չի կարող լինել: Պարզապես պետք է տարանջատվել հնից: Այդ կապակցությամբ մասսայական սպորտի ծրագրերում մի շարք փոփոխություններ ենք կատարում: Քանի դեռ չենք հասել ցանկալի արդյունքի՝ ուրեմն անհրաժեշտ է փոխել ծրագրային ուղղությունները: Այժմ ունենք մոտ 20 ծրագիր՝ միքսված հների հետ: Կարելի է ասել՝ մենք պարզապես ռեստարտ ենք անելու:
– Արդյոք կրթության և գիտության նախարարության հետ միավորումը կնպաստի մարզադպրոցներում աշխատանքների բարելավմանը և առհասարակ հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի առավել խորն ուսուցմանը:
– Մենք մասսայական սպորտի զարգացման բոլոր ծրագրերն իրականացնում ենք մարզերում: Այդ ծրագրերի շրջանակում, այսպես թե այնպես, առնչություն ունենք այն մարզադպրոցների, հիմնարկների հետ, որոնք մեր ենթակայության տակ չեն: Այսինքն՝ այժմ առաջնային է դառնում կրթության և գիտության նախարարության հետ աշխատանքը: Շատ լուրջ խնդիրներ ունենք նախադպրոցական հիմնարկներում և հանրակրթական դպրոցներում: Օրինակ՝ դպրոցներում կարող են ձևական գրել, որ հրահանգիչ կա, սակայն այդ հաստիքի գումարն օգտագործեն այլ նպատակով: Այդպես չպետք է լինի: Նախարարությունների միավորումից հետո մենք նման խնդիրների հետ անմիջապես աշխատելու հնարավորություն ենք ունենալու:
Ուսանողական սպորտի մասին չեմ խոսում, քանի որ եթե հանրակրթական մակարդակում ունենանք զարգացում՝ ուսանողական սպորտը ևս կզարգանա: Մենք ուզում ենք ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ծնողը մտնի դպրոց և հարցնի՝ ո՞ւր է ձեր ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Ո՞ւմ հետ աշխատանքի միջոցով պետք է հասնենք նման արդյունքի: Բնականաբար, կրթության և գիտության նախարարության:
Ամբողջությամբ՝ armsport.am