Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոս են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։ Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը կապ էր հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ։
Մեր հարցին ի պատասխան Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ասել էր․ «Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս»: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, ասաց. «Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»:
Մեզ հաջողվեց ճշտել, որ Փաշինյանը, իր կինն ու դուստրը այդ ընթացքում ապրել են Շվեյցարիայի գերթանկարժեք հյուրանոցներից մեկում։
Հետաքրքիր է, որ այս շքեղ վոյաժի մասին կառավարող ընտանիքը որևէ տեղեկատվություն չի հրապարակել: