«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանն իշխանափոխությունից հետո որևէ դրական փոփոխություն երկրում չի նկատել:
Tert.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց, թե ժողովրդի ապստամբությունը մի քանի հոգի շեղեցին այլ ուղղությամբ և տարան իրենց հետ: «Ամբողջը ավգյան ախոռների են վերածել: Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել»,- ասաց նա:
Պավլիկ Մանուկյանի խոսքով՝ նրանք բացարձակապես ազգային մտածելակերպ չունեն: «Դեռ մի բան էլ եկել, Արցախ-Հայաստանի միջև սեպ են խրել: Աչքներիս դեմը կոռուպցիայի անունը փոխեցին, դրեցին պարգևատրումներ կամ էլ մարդկանց զրկելով աշխատանքից՝ անունը դրել են օպտիմալացում, ՀՀ-ի գյուղերի միավորումը պրծան, հիմա էլ նախարարություններին անցան, արդյունքում որոշեցին Սփյուռքի նախարարությունը հանել, դա շատ վտանգավոր ապազգային երևույթ է»,- ասաց նա:
Նախկին նախագահի և մյուս այլ պաշտոնյաների դեմ դատավարությունները նա որակում է որպես «գոլորշի բաց թողնել» և ոչ ավելին:
Դիտարկմանը, որ հասարակության մի հատված կարծում է, որ նա երախտամոռ է, ազատություն է ստացել, բայց կրկին քննադատում է, բողոքում, Պավլիկ Մանուկյանն արձագանքեց. «Բայց մենք իրենցից ազատություն չենք էլ պահանջել, մենք ժողովրդի համար էինք ազատություն պահանջում, հենց հիմա էլ կարող են խափանման միջոցը փոխել, դա ինձ համար ոչ մի կոպեկ էլ չարժի, ես թքած ունեմ նման արդարության վրա և մեր խափանման միջոցը փոխելու լկստված համաներում շնորհելու վրա, ես համաներման կարիք չունեմ, իմ ապստամբությունն արդարացի էր»,- ասաց նա:
«Սասնա ծռերի» անդամը մնում է նույն համոզմանը, որ վտանգի դեպքում կրկին պատրաստ է ոտքի կանգնել, ըմբոստանալ: Հարցին՝ կրկին զենքի՞ միջոցով, նա պատասխանեց. «Ես չեմ ասում՝ պարտադիր է դա, բայց եթե պետք լինի… անցյալ իշխանությունը պետական տեռոր էր իրականացնում, եթե նույն բանը լինի, իհարկե, ապստամբելու եմ, իմ ժողովրդի համար եմ չէ՞ անում»:
Ամբողջությամբ՝ tert.am