Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Reddit-ում պատասխանել է երկրպագուների հարցերին:
Հայ ֆուտբոլիստն օնլայն հարցազրույցի մեկնարկի մասին նշել է նաև թվիթերյան իր միկրոբլոգում:
«Եկեք սկսենք»,- գրել է 30-ամյա ֆուտբոլիստը:
– Խաղի ընթացքում Դուք միշտ առաջնորդվում եք նախապես մշակած մարտավարությա՞մբ, թե՞ փորձում եք ձևավորել սեփականը:
– Խաղից առաջ դուք ձեր գլխում ունեք նախապես ծրագրած նախագիծ, սակայն միշտ չէ, որ դրանք աշխատում են այնպես, ինչպես դուք էիք նախատեսել: Այդ պատճառով դուք պարզապես պետք է շատ արագ մտածեք և որքան հնարավոր է շուտ որոշում կայացնեք: Եթե դուք միայնակ եք և ձեր առջև կանգնած է մրցակցի պաշտպանը, դուք մտածելու շատ ժամանակ չունեք: Աշխատել եմ 10 մարզիչների գլխավորությամբ: Բոլորը տարբեր էին: Շատ բան եմ նրանցից սովորել. ինչպես լեզու գտնել մարզչի հետ, ինչպես աշխատել նրա հետ: Շնորհակալություն յուրաքանչյուր: Սա մեծ փորձ էր:
– Խաղացել եք տարբեր դիրքերում: Որ դիրքում եք խնդիրներ ունեցել և որ դիրքն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
– Ինձ ավելի շատ դուր է գալիս հանդես գալ կենտրոնում, քան եզրերում, սակայն եզրերում խաղալիս շարժվում եմ այլ մարտավարությունով: Կարևորն այն է, որ խաղում ես ու կարևոր չէ, թե որ դիրքում: Պարզապես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ օգնել թիմին, որպեսզի հայրենակիցներս հպարտանան ինձնով:
– Կպատմե՞ք «Yo Pierre!» տեսանյութի ամբողջ պատմությունը: Ինչպիսին էր Ձեր արձագանքը, երբ իմացաք, որ Օբամեյանգը միանալու է «Արսենալին»:
– Երբ ես նկարահանեցի այդ տեսանյութը, նա դեռ 100 տոկոսով չէր տեղափոխվել «Արսենալ»: Պարզապես տեղափոխվելու դեպքում ցանկանում էինք նմանատիպ տեսանյութ ունենալ: Համաձայնեցի և ուրախացա: Երբ լսեցի, որ նա տեղափոխվում է, պարզապես ասացի. «Հեյ, Պիեր, դու ուզո՞ւմ ես տեղափոխվել»:
– Ըստ Ձեզ` 7 լեզվի տիրապետելն օգնո՞ւմ է հանդերձարանում, թե՞ բոլորի հետ շփվում եք անգլերենով:
– Լավ է, որ տիրապետում ես տարբեր լեզուների, սակայն դա երբեմն շփոթեցնում է քեզ: Երբ դու ցանկանում ես տվյալ լեզվով համապատասխան բառ գտնել` խճճվում ես: Դժվար է իմանալ տարբեր լեզուներ:
– Բացի մարզումներից և խաղային տեսանյութերի վերանայումից, որքա՞ն ժամանակ եք տրամադրում ֆուտբոլին:
– Ես շատ եմ մտածում ֆուտբոլի մասին: Մտածում եմ, թե ինչ եմ անում մարզումների ժամանակ: Ինչն էր վատ, և ինչն էր լավ: Մտածում եմ, թե ինչ կարող եմ ավելի լավ անել: Ֆուտբոլային շատ հանդիպումներ եմ դիտում: Չեմ կարծում, որ մարզման ժամանակ կարող եմ դա անել, այդ պատճառով հետո եմ մտածում: Մարզման և հանդիպումների ժամանակ ամեն ինչ շատ արագ է կատարվում:
– Սպասո՞ւմ էիք, որ կվերամիավորվեք Օբամեյանգի և Սոկրատիսի հետ «Արսենալում»:
– Երբեք չէի մտածի, որ կրկին նրանց հետ կխաղամ: Երազանքս էր նրանց հետ մի թիմում խաղալը, սակայն չէի կարծում, որ դա տեղի կունենա: Ուրախ եմ նրանց տեսնել այստեղ: Նրանք յուրահատուկ են ինձ համար: Շատ էի տխրել, երբ հեռացել էի Դորտմունդից: Սակայն սա ֆուտբոլ է: Աշխարհը փոքր է և մենք կրկին միասին ենք:
– Բոլորին հայտնի է, որ դուք տիրապետում եք տարբեր լեզուների: Ո՞րն է Ձեր ամենասիրելի լեզուն և ո՞րն է Ձեզ համար ամենաբարդը:
– Կարծում եմ` ամենաբարդն ինձ համար գերմաներենն է, քանի որ չգիտեի այդ լեզուն հիմնովին չգիտեի: Գերմաներենը սովորել եմ ինքնուրույն: Արել եմ դա թիմակիցներիս և մարդկանց հետ ավելի հեշտ շփվելու համար: Ամենահեշտը հայերենն է, քանի որ իմ մայրենի լեզուն է: Դպրոցում ուշադրություն չեմ դարձրել անգլերենի վրա, քանի որ սովորել եմ ֆրանսերեն: Եվրոպական ակումբ տեղափոխվելու երազանքի հետ մեկտեղ սկսել եմ անգլերեն սովորել: Անհատական պարապմունքներ եմ ունեցել, սակայն Ուկրաինա տեղափոխվելուց հետո չեմ օգտվել անգլերենից: Անգլերենը հարկավոր է եղել Գերմանիայում:
– Մինչև 23 տարեկանների թիմի դեմ կայացած վերջին խաղում կարողանո՞ւմ էիք տեսնել մրցակցի կիսադաշտը:
– Չէի կարողանում տեսնել վերջին 10 րոպեներին: Ցավոք, երկրորդ խաղակես չանցկացրինք: Մեկ ու կես ժամ անց եղանակը բացվեց, սակայն մրցավարը հանդիպումը դադարեցնելու որոշումն արդեն կայացրել էր:
– Ֆուտբոլային մարզիչ եմ, որը մարզում է պատանի ֆուտբոլիստների: Նրանք ցանկանում են լսել Ձեր խորհուրդը` ուղված պատանի ֆուտբոլիստներին:
– Ամենակարևորը հավատն է: Հավատ սեփական ուժերի նկատմամբ: Եթե դուք մեկ անգամ սխալվել եք, դա չի նշանակում, որ դուք վատ ֆուտբոլիստ եք: Դուք պետք է շարունակեք աշխատել: Դուք պետք է հավատաք այն ամենին, ինչ անում եք և երբեք չհանձնվեք: Պարտությունով ամեն ինչ չի ավարտվում: Պարտությունը սովորեցնում է: Փորձեք հաղթել հաջորդ խաղում:
– Ո՞րն է Ձեր ամենասիրելի հանդիպումը:
– Կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը: Սիրելի խաղն է, քանի որ հենց այդ խաղում նվաճեցի Եվրոպա լիգայի գավաթը: Բացի այդ, ես դարձա առաջին հայ ֆուտբոլիստը, որը նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: Հուսով եմ` «Արսենալում» սիրելի շատ հանդիպումներ կունենամ:
– Ո՞ւմ հետ կցանկանայիր հանդես գալ նույն թիմում:
– Լավ ֆուտբոլիստներ շատ կան, սակայն ես կցանկանայի հանդես գալ հորս հետ միասին: Կարծում եմ` լավ թիմակիցներ կլինեինք: Հաճելի կլիներ խաղալ նրա հետ: Ես միշտ դիտել եմ նրա խաղը տեսաերիզներով: Բոլորն ասում են, որ նա լավ ֆուտբոլիստ է եղել:
– Հանդիպումներից առաջ լարվածություն զգո՞ւմ եք, թե՞ հոգեբանորեն պատրաստ եք յուրաքանչյուր խաղի:
– Երբեմն լարվածություն կա, սակայն խաղադաշտ դուրս գալուց և գնդակին դիպչելուց անմիջապես հետո սկսում եք մտածել խաղի մասին: Ինչպես արդեն ասացի, միշտ չէ, որ նախապես մշակված մարտավարությունն աշխատում է:
– Ինչպե՞ս հարմարվեցիք ԱՊԼ-ին: Դժվա՞ր էր Բունդեսլիգայից հետո:
– Բունդեսլիգան և ԱՊԼ-ն տարբեր առաջնություններ են: Չեմ կարող ասել, թե նրանք նման են: Կարծում եմ, որ Բունդեսլիգայում շեշտը դնում են կարգապահության, մարտավարության և թիմային խաղի վրա: Պրեմիեր լիգայում ավելի շատ շեշտը դրված է տեմպի, անհատական որակների, արագության և ֆիզիկականի վրա: Սկզբում շատ բարդ էր, սակայն աստիճանաբար հարմարվեցի:
– Ձեզ դո՞ւր է գալիս System of a Down երաժշտական խումբը:
– Ռոք չեմ լսում, սակայն սիրում եմ նրանց, քանի որ հայ են:
– Ձեզ անանասով պիցցա դուր գալի՞ս է:
– Չեմ սիրում, երբ քաղցրը խառնում են պիցցայի հետ:
– Թաքնված տաղանդ ունե՞ք:
– Թաքնված տաղանդ չունեմ: Կցանկանայի ունենալ ու կցանկանայի, որ դրա մասին ոչ ոք չիմանար, սակայն ունենալու դեպքում էլ կցանկանայի հենց ինքս իմանալ, թե ի՞նչ տաղանդ է դա:
– Ինչպե՞ս է ազդում սոցիալական մեդիան ֆուտբոլիստների վրա: Մեկնաբանություններ կարդո՞ւմ եք:
– Սոցիալական կայքերում քննադատություններ չեմ կարդում: Չեմ կարդում, քանի որ յուրաքանչյուր անձ ունի իր սեփական կարծիքը: Որոշները կարող են ճիշտ լինել, իսկ որոշները` ոչ: Իմ խաղի առաջին քննադատը ես եմ: Գիտեմ, թե երբ կարող եմ ավելի լավը լինել և հակառակը: Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, նվիրվում եմ 100 տոկոսով:
– Եթե ոչ ֆուտբոլիստ, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
– Չգիտեմ ինչու, բայց կցանկանայի իրավաբան լինել:
– Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Անգլիայում:
– Դպրոցում սովորելու տարիներին միշտ աչքի տակ էին լինում Լոնդոնի և Մեծ Բրիտանիայի նկարները: Միշտ տպավորված եմ եղել այս երկրով: «Արսենալի» երկրպագու լինելով` միշտ երազել եմ լինել այստեղ` Լոնդոնում: Միակ բանը, ինչն ինձ դուր չի գալիս, եղանակն է և տրանսպորտային երթևեկությունը:
– Ո՞րն է Ձեր ամենասիրելի հայկական ուտեստը:
– Հայկական բոլոր ուտեստներն էլ սիրում եմ: Թե՛ խորոված, թե՛ խաշ, և այլն…
– Լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ երբևէ խաղացել եք:
– Լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ, Մեսսին է: Կցանկանայի նշել նաև Անդրեա Պիրլոյին և Չավիին: