…Արիստոտելի` «ոսկե միջինի» մասին դրույթը փիլիսոփայական թեզերից ամենաշահարկվածներից է` հիմնականում ոչ արմատական գոլությունն ու միջակությունը ասվածին վերագրելու մոլորությամբ: Մինչդեռ խոսքը իրավիճակում կողմնորոշվելու և կամ կոնկրետ գործողության մեջ չափազանցի դրսևորումներից խուսափելու մասին է մտքի թելադրանքով: Միտքն է, որ մարդուն շահեկանորեն առանձնացնում է մյուս էակներից, պայմանավորում նրա հաջողությունները: Ուրեմն, ըստ այս մեծ անտիկ փիլիսոփայի, մարդու կյանքի նպատակին` երջանկությանը` որպես առավել բարիքի հասնելու ճանապարհը վարքագծի ոսկե միջինն է, որը տրվում է մտքով:
Լուսանկարիչ, նկարիչ Սամվել Սևադա.
Այս գիշեր կրկին վերադարձավ երջանկությունը ինձանից հոգնած,
Շշնջաց ականջիս, ասաց` «Մնում եմ, էլ երբեք չեմ հեռանա քեզանից»…
Երդվեց ու ասաց` «Չեմ գնա»,- երջանկությունը ինձանից հոգնած:
Գլուխը կրծքիս խոնարհեց, շոյեց քնքնշորեն աչքերս` «Չեմ գնա, դու քնիր»,- ասաց:
Անձնական երջանկություն.
Երջանկությունը հարյուր հազարավոր ակնթարթներ են իմ ապրած կյանքի համեմատ: Երջանկություն է, երբ մեկին մի փոքր նվեր ես տալիս, և նա ուրախանում է: Պատկերացնում եմ այն մարդկանց երջանկությունը, որոնք ի վիճակի են բարեգործություն անել…
Մասնագիտական երջանկություն.
Ինձ համար ժամ ու պատարագ չկա աշխատելու, ստեղծագործելու, ստեղծելու, նորոգելու, կարդալու, սովորեցնելու համար: Ես 24 ժամ այդ պրոցեսների մեջ եմ: Ու դա իմ երջանկության դուռն է, որի բանալին ափիս մեջ է ու պինդ պահում եմ, որ չկորցնեմ. տարիները շատ բան են բերել ու տարել, բացի այն համոզմունքից և հաստատակամությունից, որը վաղուց ի վեր սովորություն է դարձել և կենսակերպ: Իմ երկար ու կարճ կյանքի ընթացքում չորս տասնյակից ավելի ցուցահանդեսներ եմ արել տարբեր երկրներում:
Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.
Մենք այս տարի ականատես եղանք համընդհանուր, ազգային, ժողովրդական բազմօրյա երջանկության աննախադեպ իրողությանը, որը որոշ ուժեր մտածված կամ գուցե անգիտությամբ գնահատեցին «էյֆորիա» տերմինով: Իրականում, երկար սպասված վիճակ էր, որը երջանկության, հպարտության արցունքներ բերեց:
Մարինա Բաղդագյուլյան
Ամբողջությամբ՝ armtimes.com