
Եվրամիությունը չի վերանայի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, բայց հնարավոր Է համարում ապագա հարաբերությունների մասին համատեղ հռչակագրի լրամշակումը: Այդ մասին փետրվարի 7-ին հաղորդվում Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված համատեղ հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ի երկրները բանակցությունների համար չեն վերաբացի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որն իրենից մանրակրկիտ հավասարակշռված փոխզիջում Է ներկայացնում ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, սակայն նրանք պատրաստ են քննության առնել քաղաքական հռչակագրի ձեւակերպումների լրամշակումը ապագայում ավելի հավակնոտ հարաբերությունների հասնելու համար»,-ասված Է հրապարակման մեջ:
Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի բանակցող թիմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ:
Հաղորդագրության մեջ ընդգծվում Է, որ «Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ Եվրահանձնաժողովի նախագահը վերստին կհանդիպեն մինչեւ փետրվարի վերջը՝ ամփոփելու այդ քննարկումների արդյունքները»: Ընդսմին բանակցությունները որակվել են «կոշտ, բայց կառուցողական», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: