Փետրվարի 8-ին քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը:
«Այսօր համալսարանական հիվանդանոցի լավագույն բժիշկները, Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատեցին լավագույնին՝ մեր Ավետիս Զարգարյանին: Վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում», – տեղեկացրել է Դանիելյանը:
Ավետիս Զարգարյանը վիրավորվել էր 2016-ի ապրիլին՝ Թալիշում: Փամփուշտն անցել էր ծնոտի միջով, վնասել ողնաշարը: Ավետիսը 3 տարի առաջ չէր կարողանում խոսել, ուտել:
«Այսօր, համեստ, քչախոս, բայց ուժեղ բնավորությամբ երիտասարդն արդեն խոսում է, տրամադրությունը լավ է, ինքնազգացողությունը՝ նորմալ, տրամադրված է մարտական, և վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու»,-նշել է նա:
Զարգարյանների ընտանիքը Արցախի Շահումյան շրջանի Գետաշեն գյուղից է: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ընտանիքը հաստատվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղում: Այնուհետ ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Ռուսաստան: Հայրենիք վերադառնալով՝ պատանին 1,3 տարի որպես ժամկետային զինծառայող ծառայել է Արցախի բանակում: