Ապրիլի երեք, 1796թ.
Ստացել եմ բոլոր նամակներդ, բայց դրանցից ոչ մեկն ինձ այնքան չի տպավորել, որքան վերջինը: Ինչպե՞ս ես, ի՛մ սեր, կարողանում նման բաներ գրել ինձ: Չե՞ս կարծում իմ իրավիճակն արդեն իսկ բավականին դաժան է, առանց իմ վշտին ավելացնելու ու ոգիս կոտրելու:
Ի՜նչ գեղեցիկ ոճ, ի՜նչ զգացմունքներ ես արտահայտում: Դրանք կրակ են, որ այրում են իմ խեղճ սիրտը:
Իմ միակ ու անկրկնելի Ժոզեֆի՛ն, քեզնից բացի ուրախություն գոյություն չունի: Քեզնից հեռու աշխարհն անապատ է, որտեղ ես միայնակ եմ և չեմ կարողանում բացել սիրտս: Դու ավելին ես, քան հոգիս, դու իմ կյանքի միակ իմաստն ես:
Երբ հոգնում եմ աշխատանքի մասին անհանգստանալուց, երբ ինձ նյարդայնացնում են մարդիկ, երբ ես անիծում եմ իմ ողջ լինելը, ձեռքս սրտիս եմ դնում: Այնտեղ քո նկարն է կախված և ես նայում եմ դրան: Այդ սերն ինձ երջանկացնում է, և ամեն ինչ անցողիկ է թվում, բացի իմ սիրելի կնոջից հեռու անցկացրած ժամանակը:
Ի՞նչ արվեստով ես կարողացել ենթարկել ինձ քեզ ու կենտրոնացրել իմ ողջ գոյությունը քեզ վրա: Ապրել հանուն Ժոզեֆինայի. սա է իմ կյանքի պատմությունը: Փորձում եմ մոտենալ քեզ, բայց հիմար եմ: Չեմ նկատում, թե ինչպես եմ ավելի հեռանում քեզնից: Որքա՞ն երկրներ են բաժանում մեզ…
Ե՞րբ կկարողանաս կարդալ այս բառերը, թույլ արտահայությունները, որ պատկանում են այս գերված հոգուն, որտեղ դու թագուհին ես:
Օ՜հ, ի՛մ պաշտելի կին: Չգիտեմ՝ ինչ է ինձ համար պատրաստել ճակատագիրը, բայց եթե այն ավելի երկար ինձ հեռու պահի քեզնից, ուղղակի անտանելի կլինի: Իմ խիզախությունը բավական չէ մեր հեռավորությունը հաղթահարելու համար:
Ժամանակին ես հպարտանում էի իմ խիզախությամբ և երբեմն մտածում էի վատ ճակատագրի կողմից ինձ համար նախապատրաստված բաների մասին, ու այդ բոլոր սարսափների առջև ես չէի թարթում կամ դողում:
Բայց այսօր միտքը, որ իմ Ժոզեֆինան կարող է անախորժության մեջ ընկնել, հիվանդանալ, կամ, որ ամենասարսափելի միտքն է, ինձ սկսել քիչ սիրել, ուղղակի ոչնչացնում է հոգիս, սառեցնում արյունս, ինձ տխուր ու մտահոգ դարձնում՝ առանց նույնիսկ բարկանալու ու հուսահատվելու խիզախություն թողնելու:
Միշտ ասել եմ, որ մարդիկ չեն կարող վնասել այն մարդուն, որը մահանում է առանց ափսոսանքի: Բայց հիմա գիտեմ, որ մեռնելն առանց քո կողմից սիրվելու, առանց իմանալու, դժոխային տանջանք կլինի, միանգամայն ոչնչացման ամենավառ օրինակը: Զգում եմ ասես խեղդվում եմ:
Ի՛մ միակ ընկերակից, որին ճակատագիրն ընտրել է ինձ հետ միասին կյանքի դժվար ճանապարհն անցնելու համար, այն օրը, երբ քո սիրտն այլևս ինձ չպատկանի, ինձ համար բնությունը կկորցնի իր ամբողջ իմաստն ու ջերմությունը:
Այստեղ կանգ կառնեմ, ի՛մ սիրելի ընկեր, հոգիս տխուր է, մարմինս՝ հոգնած, իսկ ոգիս՝ ճնշված: Մարդիկ ձանձրացնում են ինձ, ատում եմ նրանց. նրանք հեռացնում են ինձ իմ սրտից:
Ես Օգնելիայի մոտ գտնվող Մաուրիսում եմ, վաղը կհասնեմ Ալբենգա: Երկու բանակներն էլ շարժվում են՝ փորձելով առաջ անցնել մեկը մյուսից: Թող հաղթի ամենախելացին: Ես հավանում եմ Յոհան Բոլյոյին. նա լավ է ղեկավարում իր զորքն ու ավելի ուժեղ է, քան իր նախորդը: Ես նրան լավ դաս կտամ, հույս ունեմ:
Մի՛ վախեցիր: Սիրի՛ր ինձ այնպես, ինչպես սիրում ես սեփական աչքերդ, սակայն դա էլ բավական չէ: Սիրի՛ր ինձ այնպես, ինչպես սիրում ես ինքդ քեզ: Ո՛չ, դրանից էլ շատ:Սիրի՛ր ինձ քո մտքերից, կյանքից ու քո ողջ էությունից շատ:
Ների՛ր ինձ, ի՛մ թանկագին սեր, ես զառանցում եմ: Մարդու միտքը թուլանում է, երբ խորը զգացմունքներ է տածում և երբ սիրվում է քո կողմից:
Ցտեսություն, ցտեսություն: Անկողին եմ գնալու առանց քեզ, քնելու եմ առանց քեզ: Թո՛ղ քնեմ, աղաչո՛ւմ եմ: Մի քանի գիշեր է արդեն, որ զգում եմ ասես իմ գրկում ես: Ուրախ երազ է, բայց իրականում դու այստեղ չես…
Բոնապարտ