Գյուղատնտեսության նախարարության միացումը էկոնոմիկայի նախարարությանը սխալ որոշում է: Փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ ինչ կառուցվածք էլ քննարկվի, կլինեն տարաձայնություններ, որովհետեւ իդեալական օպտիմալ որոշում չկա, որ բոլորը կարող են համաձայն լինել.
«Չեմ կարող ասել՝ ինչու են այդպես արել: Ոչ թե ոլորտը կտուժի, այլ իրենք իրենց գաղափարախոսությամբ տարբեր բաներ են, գյուղատնտեսությունը պիտի էկոնոմիկայի հետ չլիներ: Էկոնոմիկայի նախարարությունը անգամ տնտեսական զարգացման հետ չպիտի լիներ, պետք է մնար էկոնոմիկայի նախարարություն»,- ասաց նա:
Նշենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության կառուցվածքի օպտիմալացման գործընթացն ավարտվել է, Հայաստանը կունենա 12 նախարարություն, իսկ նախագիծը կդրվի շրջանառության մեջ: