Կա դրվագ, որը հոգեբանորեն դժվար է խաղալը. Ալեքսանդր Խաչատրյանի «Գարուն ա» ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին է. aysor.am
Advertisement 1000 x 90

Կա դրվագ, որը հոգեբանորեն դժվար է խաղալը. Ալեքսանդր Խաչատրյանի «Գարուն ա» ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին է. aysor.am

Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը շուտով հանրությանը կներկայացնի ֆիլմ՝ Ապրիլյան պատերազմի մասին: Aysor.am-ի հետ զրույցում գաղափարի հեղինակն ընդգծեց՝ Արցախյան պատերազմի մասին ֆիլմ նկարելու մտահղացումը վաղուց է ծնվել, սակայն 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ստիպեցին փոքր-ինչ փոխել ուղղությունը, ու ծնվեց «Գարուն ա»-ն:

«Արցախյան պատերազմի մասին ֆիլմ նկարելու գաղափար ինձ մոտ վաղուց կար, քանի որ կար և կա պահանջը՝ այն ինչ-որ ձևով լուսաբանելու և ներկայացնելու հասարակությանը։ Աշխատանքները սցենարի վրա արդեն սկսվել էին, երբ եղավ Քառօրյա պատերազմը։ Այն, ինչ կատարվեց, փոխեց մեզ ու մեր ֆիլմի ուղղությունը և գաղափարախոսությունը։ Եվ գրվեց նոր սցենար», – նշեց մեր զրուցակիցը:

Գեղարվեստորեն մատուցվող ֆիլմի հենքը փաստերն են, պատմությունը ոչ թե մտացածին, այլ իրական է: Նկարահանումները դեռևս չեն մեկնարկել, նախապատրաստական աշխատանքներ են տարվում, սակայն ծրագրված է ֆիլմն ավարտին հասցնել և մեծ էկրան բարձրացնել 2020 թվականին:

«Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքները, շուտով կսկսվեն նկարահանումները, որոնք տեղի կունենան Հայաստանում: Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում՝ խաղաղ ժամանակ, և սահմանին՝ պատերազմի ժամանակ», – մանրամասնեց նա:

Դիտարկմանը՝ կա՞ մի դրվագ, որը հոգեբանորեն ամենաբարդն է ներկայացնելը, Ալ. Խաչատրյանը խոստովանեց.

«Նախ նշեմ, որ ֆիլմը խաղարկային է։ Կարելի է ասել՝ դերասանական ֆիլմ է։ Բոլոր տեսարաններն էլ հոգեբանական են, բայց, այո, կա նաև դրվագ, որն իսկապես հոգեբանորեն դժվար է»:

Գեղարվեստական ֆիլմի ֆինանսական ծանրաբեռնվածությունն առայժմ իր վրա է վերցրել նախագծի հեղինակը, սակայն այն կարիք ունի նաև հավելյալ ներդրումների:

«Առայժմ աշխատանքներն արվում են իմ անձնական գումարներով, սակայն ֆիլմը կարիք ունի հավելյալ ներդրումների։ Բավական ծախսատար է, քանի որ կան պատերազմական տեսարաններ, և մենք ուզում ենք, որ այն տեխնիկական որակով համապատասխանի միջազգային չափանիշներին։ Հուսով եմ, որ կունենանք գործընկերներ և հովանավորներ», – նկատեց Ալեքսանդր Խաչատրյանը:

Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, ռեժիսորը՝ Ռոման Մուշեղյանը: Դերասանական կազմում ընդգրկված են Ալեքսանդր Խաչատրյանը, Ալիս Կապլանջյանը, Շանթ Հովհաննիսյանը և այլք:

«Թիմը դեռ կազմավորվում է, և այն կազմավորվելու է բարձր մասնագիտական որկավորման սկզբունքով։ Իհարկե, նաև հատուկ երաժշտություն կգրվի, այն շատ մեծ դեր է խաղալու ֆիլմում: Իսկ թե ում կվստահվի երգը՝ դեռևս չենք ընտրել»,-հավելեց նա:

«Գարուն ա»-ի նախապատրաստական աշխատանքները ԱՄՆ-ում են անցկացվում, ներկա պահին Ալեքսանդր Խաչատրյանն այնտեղ է գտնվում: Անդրադառնալով Հայաստան այցելությանն ու էկրանային առաջարկներին, Aysor.am-ի զրուցակիցն ասաց.

«Այժմ ԱՄՆ-ում զբաղվում եմ այս ֆիլմի նախապատրաստական աշխատանքներով։ Մի խումբ համախոհներով, որոնք անտարբեր չեն մեր երկրի առկա խնդիրներին և ապագա ճակատագրին, աշխատում ենք իրականացնել այս նախագիծը: Շուտով Հայաստան կվերադառնամ՝ ֆիլմի աշխատանքների հաջորդ փուլն իրականացնելու համար: Ինչ վերաբերվում է նոր առաջարկներին, ապա այդպիսիք եղել են, սակայն այս ֆիլմի գաղափարախոսության կարևորությունն այսօր մեզ համար առաջնահերթ է, ուստի այս պահին զբաղված եմ միայն այս ֆիլմի կայացմամբ»:

aysor.am



Նման նյութեր