Կառավարությունը նախօրեին e-draft կայքում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որով նախարարությունների թիվը 17-ից նվազեցվել է 12-ի:
Նշենք, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը: Մասնավորապես՝ նախատեսվում է.
- Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության և մշակույթի նախարարության:
- Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար: Այդ գործառույթները կիրականացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին, միաժամանակ ավելացնելով թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
- Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը: Նախագծերի ընդունման դեպքում միացվող պետական կառավարման համակարգի մարմինների քաղաքացիական ծառայողները «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի համաձայն վերանշանակվում են մինչև վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ իր համաձայնությամբ նոր մարմնում։ Վերակազմակերպման արդյունքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, այլ վերջինս վերանշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ օրենքով սահմանված կարգով։
Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնվում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է գրանցվել կադրերի ռեզերվում՝ առանց վերջնահաշվարկ կատարելու, որը միացման արդյունքում վարելու է արդեն այն պետական կառավարման համակարգի մարմինը, որին միացել է այդ պետական կառավարման համակարգի մարմինը։
Ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը Օրենքով սահմանված կարգով կարող է կադրերի ռեզերվից համապատասխան պաշտոն զբաղեցնել վերակազմակերպման արդյունքում կազմավորված այդ պետական կառավարման համակարգի մարմնում։