Տարբեր կայքերի միջոցով տարածվում էր այն գաղափարը, որ փոխզիջումների պետք է գնալ՝ անտեսելով անգամ կառավարության, մեր վարչապետի հստակ դիրքորոշումը, որ որեւէ կերպ չէր համընկնում այդ մոտեցումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի վերաբերյալ իր սկանդալային հայտարարությանն ու դրան հաջորդած արձագանքներին:
«Հասկանալի էր, որ հստակ տեղեկատվական պատերազմ է սկսվել, այսինքն ժողովրդի մեջ ալիք բարձրացնել, որ Փաշինյանը պատրաստ է փոխզիջումների տարբերակին, այն է՝ հող հանձնել խաղաղության դիմաց;
Վերջին 2-3 օրերին մի քանի կայքերով տարածվեց Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը, որը տվել էր ադրբեջանական կայքին, որտեղ հստակ նշվում էր, որ Ադրբեջանի շահերից է բխում փոխզիջումների մասին քննարկումը եւ իրենց փոխզիջումների օրակարգը ոլորիս հայտնի խաղաղության դիմաց տարածքները զիջելն էր:
Անընդհատ տարածելով սոցիալական ցանցերում, սա արդեն հստակ ուղերձ է, որ կա այսպիսի տրամադրվածություն: Այսինքն անտեսվում է մեր կառավարության հստակ դիրքորոշումը, որ որեւէ զիջման մասին խոսք չի կարող լինել, որ «խաղաղության դիմաց տարածքների» մասին խոսք լինել չի կարող, որ Արցախը պետք է դառնա բանակցող կողմ:
Ես սրան արձագանքեցի, միգուցե իրենց գնահատականով կոպիտ, բայց դա իմ սուբեյկտիվ մոտեցումն է: Ես չեմ պատրաստվում իմ սուբյեկտիվ մոտեցումն ինչ-որ անձանց հետ կապեմ: Եթե այսօր մանդատ ունեմ, դա չի նշանակում, որ այդ պահից պետք է դադարեմ գործել որպես այն մարդը, ով գործել է հանուն հայրենիքի»,-հայտարարեց Սոֆիա Հովսեփյանը:
Նա նշեց, որ ՀԱԿ անդամների կողմից հարձակումը սպասելի էր. «Այն մարդիկ, որոնք ասում էին՝ դու ինչ ես արել այս երկրի համար, այդ մարդկանց 80 տոկոսը շատ լավ ճանաչում է Սոֆյա Հովսեփյանին, որ նա միայն այս երկրի համար է ապրել: Հայտարարեցին, որ չեմ հասկանում բանակցային գործընթացից, որ այդ գործընթացն իր մեջ ներառում է փոխզիջումներ: Մինչդեռ ինչպես պարոն Փաշինյանն է ասել՝ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, ի՞նչ եք ակնկալում փոխզիջում ասելով: Այսինքն մեր տեսակետը հստակ արտահայտված է եղել:
Իսկ վերջին գրառումս եղել է այն մասին, որ ՀԱԿ-ի շատ անդամներ, իրենց գրառումներով նշել են Լիլիթ Մակունցին, Ռուբեն Ռուբինյանին, Արարատ Միրզոյանին պահանջում են, որ պետք է զրկել ինձ պատգամավորական մանդատից:
Եթե ես իմանայի, որ «Իմ քայլը» դաշինքն այն դաշինքն է, որտեղ թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու: Այստեղ մարդիկ ունեն իրենց ազատ խոսքի, ազատ մտքի իրավունքը, որեւէ կերպ կաշկանդված չեն սկզբունքայնություն ցուցաբերելու:
Որեւէ մեկը, բացի այն մարդկանցից, որոնք Սոֆյա Հովսեփյանին ընտրել են պատգամավոր, որեւէ մեկը չի կարող ինձ զրկել մանդատից»,- հայտարարեց իշխող ուժի պատգամավորը:
«Որեւէ քննարկում իմ գործընկերների հետ չեմ ունեցել, չի կարող լինել որեւէ փոխզիջում, որն առաջ է քաշում ՀԱԿ-ը: Ես որեւէ մեկին չեմ ներգրավել այս ամենի մեջ: Ես պատգամավոր լինելուց զատ նաեւ մարդ եմ, ով ուներ իր սկզբունքները եւ դրանք երբեւէ թաքցված չեն եղել: Երբ ինձ ընտրել են, հավատալով իմ սկզբունքներին, ընտրել են պատգամավոր: Թող երբեւէ որեւէ մեկը չփորձի կաշկանդել իմ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ:
Ինչ է նշանակում, որ եթե գնում ենք բանակցությունների, ապա պետք է լինի փոխզիջում: Նիկոլ Փաշինյանն այն միակ գործիչն էր, որ հենց առաջին օրից պահանջեց Արցախի ներգրավվածությունը բանակցություններին»,- ասաց նա:
Նշենք, որ օրերս Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական մամուլին, որտեղ նշել էր, որ պետք է պատրաստ լինել զիջումների: Դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով դրան գրառում էր արել, որտեղ նշել էր. «Ես պատրաստ եմ փոխզիջման. Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ»: