Ոճը փոխած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է ֆոտոմոդելի կարիերայի, նոր կերպարի և իր սիրո պատմության մասին։
Ինձ հազվադեպ են մարդիկ զարմացնում։ Եվ չափազանց հազվադեպ է լինում, երբ զարմանքն այդ դրական նստվածք է թողնում։ Բավական երկար ժամանակ շուրջբոլորս քննարկում էին քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի նոր կերպարը։ Վերանայում էին լուսանկարները. իսկապես գեղեցկացել է։ Կարծես միշտ էլ խնամված է եղել, ինչու է այսքան քննարկվում, սակայն մեր վերջին հանդիպումը տվեց բոլոր հարցերի պատասխանները։
Հարցազրույցին պատրաստվելիս` ես հասկացա, որ գրեթե ոչինչ չգիտեմ նրա անձնական կյանքի մասին, թեև խորհրդարանական նրա ելույթներից կարող եմ հիշել տասնյակ բուռն քննարկումներ և մեմեր դարձած արտահայտություններ։ Ընթերցեցի հոդվածները, նայեցի լուսանկարները և, կարծես թե, պատրաստ էի մեր զրույցին` նոր բան չակնկալելով նրանից։ Սակայն առաջինը, ինչը զարմացրեց այն էր, որ ինձ հետ մի սեղանի շուրջ նստած էր ոչ թե պողպատյա հայացքով մի կին, այլ ժպտերես մի տիկին։
Պահպանողական Նաիրա Զոհրաբյանը զգում էր` փոփոխությունների ժամանակն է և նրա լավ բարեկամը խորհուրդ տվեց փոխել արտաքին տեսքը։ Նա երկար հակառակվում էր, բայց ի վերջո, հանձնվեց։ «Կլեոպատրան» հայտնի սանրվածքի հետ մեկտեղ փոխեց նաև կենսակերպը, հանեց պողպատե տիկնոջ դիմակն ու իրեն ներդաշնակ զգաց։
Նրան իմիջ–կենտրոն տարան, որտեղ բոլորը պատրաստ էին և իրեն էին սպասում։ Միակ բանը, որ նա խնդրեց, մազերը կարճ չկտրելն է, և նրան լսեցին։ Տեղում իրականացրեցին նաև առաջին ֆոտոշարքը` հայտնի ամսագրի համար, որը բուռն արձագանք գտավ հայկական, ռուսական և նույնիսկ արաբական ԶԼՄ–ներում։ Այնուհետև փորձեց Գևորգ Շադոյանի «Վերածնունդից մինչև անկախություն» հավաքածուի զգեստները, ի դեպ նա պատրաստվում է շարունակել համագործակցությունը Շադոյանի հետ։ Ավելին, հավանաբար շուտով նա դառնա ոսկերչական ապրանքանիշի դեմքը և կլուսանկարվի նորաձևության ֆրանսիական ամսագրի համար։
«Սա հոբբի է, որը հաճույք է պատճառում ինձ։ Նաև փորձեցի կոտրել կարծրատիպերը քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի և կին Նաիրա Զոհրաբյանի մասին։ Տարիներ շարունակ ես ընկալվել եմ որպես խիստ, ջղային ու ագրեսիվ`իրականում դրա հակապատկերը լինելով։ Ես շատ խոցելի եմ։ Միգուցե, այդ կարծր ու կոպիտ դիմակը կրել եմ, որպեսզի կարողանամ քաղաքական դաշտում այս գայլային խաղի կանոններին դիմակայել։ Եվ հասկացա, որ այդ դիմակը խանգարում է, որովհետև երբ ի ցույց ես դնում ողջ կանացիությունդ ու հմայքդ, շահում ես նաև որպես քաղաքական գործիչ։ Ես պատրաստ եմ ընդունել, որ տարիներ շարունակ սխալ եմ եղել»,- պատմում է նա լայն ժպիտով։
Նրա նոր կերպարը հավանել են ոչ միայն համացանցի օգտատերերն ու լրագրողները, այլ նաև մայրը։ Իսկ դստեր և քրոջ պարագայում ամեն ինչ ավելի բարդ է եղել. նրանց ավելի շատ դուր է գալիս իր նախորդ սանրվածքը։ Սակայն, մի լավ ծանրութեթև անելուց հետո, որոշեց նոր ոճին մնալ։ Զոհրաբյանը չի թաքցնում, որ իմիջը փոխելուց հետո նրան շատ են հաճոյախոսություններ անում և փորձում գրավել նրա ուշադրությունը։
«Դա ինձ համար փակ թեմա է, որովհետև Սամվել Մկրտչյանից հետո դժվար է տեսնել իմ կողքին այլ տղամարդու։ Իմ կողքի տղամարդը պետք է լինի ուժեղ ու ազնիվ։ Ես տանել չեմ կարողանում ալֆոնսների, կեղծ ինտելեկտուալների։ Ինչպիսին պիտի լինի այն տղամարդը, որի հետ կարող եմ կոմֆորտ զգալ։ Այս պահին նման մարդ չկա։ Յուրաքանչյուր ոք, որի մեջ գոնե մի փոքր հետաքրքրություն տեսել եմ, բախվել է իմ Սամվելի համեմատությանը ու անմիջապես փշուր–փշուր եղել»,- ասում է նա։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am