Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ տարիներ շարունակ Հայկոյին առանց Մկո էր անհնարին պատկերացնել, Մկոյին` առանց Հայկո: Միայն հետո նրանք դարձան Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյան, սկսեցին չհամագործակցել և, առհասարակ, մոռանալ, որ ժամանակին կարգին ընկերություն էին անում և կարգին արտադրանք ստեղծում: Առ այսօր նրանց մեկնաբանությամբ` կարգին սկետչերը դիտվում են նույն հավեսով, սակայն նաև ափսոսանքով, որ երբեմնի ամենաստացված հեռուստազույգն այլևս չկա, իսկ ի ՞նչ կա դրա փոխարեն…
Փոխարենն ունենք «Ազիզյանները» նոր սիթքոմը և «Ռեստարտ 2020»-ը, իսկ արդյո՞ք դա այն է, ինչ մենք սպասում ենք նրանցից: Հարցը հռետորական է, որովհետև պատասխանն առանց հարցի էլ գիտենք, որ «ոչ» է: Սա կարող են անել բոլորը, բայց ոչ Հայկոն և Մկոն, այս հումորները կամ երբեմն դրանց բացակայությունը ներելի կարող են լինել բոլորի կողմից, բայց` ոչ նրանց: Սակայն մտահոգությունս հուսամ` չի ընկալվի որպես հերթական քննադատություն` «ամեն մեկն իրեն ծակ պրոֆեսորի տեղ է դրել» շարքից: Ես առաջին հերթին ցավում եմ որպես հեռուստադիտող, որովհետև «Ազիզյանները» սիթքոմում երկխոսություններում շատ են գռեհկությունները` «կկոխեմ անցքը» և նմանատիպ բնույթի այլ արտահայտություններ, իսկ «Ռեստարտ»-ում կարծես իսկապես աշխարհի վերջն է եկել` միապաղաղ է և ձանձրալի:
Էլի եմ կրկնում, այս արտադրանքների հիմնական մեղավորները եթե այլ անձինք լինեին, գուցե, ես ավելի մեղմ լինեի և այս ամենը դիտարկեի որպես ժամանցի հերթական միջոց, բայց այս պարագայում նույնն անել չեմ կարող, որովհետև խոսքն այն նույն Հայկոյի և Մկոյի մասին է, ովքեր տարիներ շարունակ զարմացնում էին իրենց հումորով, հետաքրքիր մտքերով և ոչ միապաղաղությամբ: Իսկ ցավս էլ ավելի է մեծանում, երբ հասկանում եմ, որ այդ ամենն անվերադարձ անցյալ է, որովհետև վերջերս ծանոթներիցս մեկի հավաստի տվյալներով` Հայկոն և Մկոն իրար մասին անգամ բառ անգամ չեն ուզում լսել, իսկ նրանց ընդհանուր ընկերական շրջանակի` նրանց բարիշացնելու բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ:
Սակայն տղաներ, գուցե փոշմանեք և հասկանա՞ք, որ դուք մեզ միասին եք պետք… Եվ վերջապես` «Ребята, давайте жить дружно»…
asekose.am