Մի քանի օր է՝ մարդիկ բարձրաձայնում են էլեկտրաէներգիայի ու գազի ամսական հավելագրումների մասին։ Մարդիկ բարձրաձայնում են, որ անցած ամսվա համեմատ ծախսերը մի քանի անգամ գերազանցում են առանց ծավալների ավելացման։
Նախօրեին այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը. «Սիրելի հայրենակիցներ, իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելի է արձանագրվել, սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Պարզաբանում եմ պահանջել՝ մտածելով, որ տեխնիկական անսարքության խնդիր կարող է լինել, սակայն նման դեպքերը, կարծես, բազմակի են դարձել, նույնը նաև գազի մասով։ Եթե վերջին մեկ ամսում եղել են նման դեպքեր, խնդրում եմ արձագանքել»,-գրել է պատգամավորը։
«Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48 370 դրամ: Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33 000 դրամ: Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում, եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ: Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս ընկան ու հասկացա, որ միայն ես չէ, որ զարմացած եմ նկատելի տարբերությունից: Մինչդեռ դեկտեմբերի վերջին հայտարարվում էր, թե որքան էլ ՀՀ սահմանին թանկանալու է գազի գինը, դա չի ազդելու սպառողի վճարած գնի վրա: Պարզվում է՝ լավ էլ ազդում է։ Սա ի՞նչ է, սաբոտա՞ժ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից, հանրությանը գրգռելու ձև, պայմանավորվածությունների խախտո՞ւմ, մեր վրա հավելյալ ճնշո՞ւմ: Ո՞վ է պաշտպանելու բնակիչների շահերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«Առաջին լրատվական»-ը հավելագրումների հետ կապված պարզաբանում, էր խնդրել ՀԷՑ-ից ու «Գազպրոմ Արմենիա» ընկերություններից։ Երկու տեղից էլ նույնաբովանդակ պարզաբանում ստացանք։
«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով նմանատիպ խնդիրների պարզաբանման համար»,- ասված է ՀԷՑ-ի պարզաբանման մեջ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: