Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը համապատասխանեցվել է արդիական չափանիշներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը համապատասխանեցվել է արդիական չափանիշներին

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հիմանանորոգումից հետո համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին: Հիմնանորոգված շենքի բացման արարողությանը նոյեմբերի 8-ին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

s1

Նոր շենքի ցուցասրահներն ապահովվել են արդիական թանգարանային լուսավորման LED համակարգի լուսատուներով: Ստեղծվել է պահպանման չափորոշիչներին համապատասխան նոր ֆոնդապահոց, տոմսարկղ-կրպակ, սրճարան: Հիմնանորոգումից հետո թանգարանը համապատասխանեցվել է նաև հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների համար: Տուն-թանգարանում ավելացել է 4-րդ հարկը:

s2

«Թանգարանի 50 ամյակին ընդառաջ մենք արդեն ունենք արդիականացված շենք` բոլոր հարմարություններով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Նրա խոսքով` արվեստասեր հասարակության առջև կբացվի Սարյանի ապրած տան հատվածը, կներկայացվի այն մթնոլորտը, որտեղ ապրել է վարպետ Սարյանն իր հարազատների, մտերիմների, իր որդիների հետ: «Գարնանից թանգարանի այցելուները հնարավորություն կունենան օգտվել նաև շենքում գործող սրճարանից, որտեղ կկարողանան մի գավաթ սուրճ ըմպելով՝ կիսվել տպավորություններով»,-ասաց նա:

s3

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ շատ թանգարաններ ունեն վերանորոգման կարիք և այդ հարցն աստիճանաբար կլուծվի: «Սարյանի ընտանիքի կողմից թանգարանին շուրջ 100 կտոր նմուշ է նվիրաբերվել: Ուզում եմ առանձին նշել Ռուզան Սարյանի ոգևորությունը վերանորոգման աշխատանքների ամբողջ ընթացքում»,-հավելեց նախարարը:

s4

Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ծրագրի ընդհանուր արժեքը 518.0 միլիոն դրամ է, որից 462.5 միլիոն դրամը ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին է, 55.5 միլիոնը` արտաբյուջետային միջոցների հաշվին:

s6

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնավերնորոգման աշխատանքները մեկնարկել են 2013 թվականի մայիս ամսին:

s7

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին `նկարչի կենդանության օրոք: Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:

s8

Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը Սարյանի էսքիզով կատարել է նկարիչ Գագիկ Սմբատյանը:

Տուն-թանգարանի հիմնանորոգման նախագիծը հաստատվել է ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և թանգարանի կողմից:

Լուսանկարները՝ president.am



Նման նյութեր