Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը մարիխուանան թմրանյութ չի համարում, սակայն չի քարոզում դրա օգտագործումը։ Նա իր բերման ենթարկվելու որոշ մանրամասներ է հայտնել։
Հայտնի հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը չի քարոզում մարիխուանայի օգտագործումը, սակայն իրավապահների կողմից իր բերման ենթարկվելն անիմաստ է համարում։ Այս մասին նա հայտարարեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 16–ին Արման Մարգարյանին ոստիկանության բաժին էին տեղափոխել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով։ Հայտնում էին, որ իրեն և ինժեներ–դիզայներ Հովհաննես Վահրամյանին բերման էին ենթարկել Հյուսիսային պողոտայում գտնվող հյուրանոցներից մեկի մոտից։ Վահրամյանի մոտ հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գր կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գր ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված:
«Ես մարիխուանայի օգտագործում չեմ քարոզում, պարզապես փորձում եմ որոշ փաստեր ներկայացնել և ճիշտ չեմ համարում մարիխուանային որպես թմրանյութի վերաբերվելը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում դեռ մարիխունայի օգտագործումն ու պահումը հանցագործություն է համարվում», – նշեց հեռուստահաղորդավարը։
Մարգարյանը կարծում է, որ պետք է փոխել վերաբերմունքը և օրենսդրական փոփոխություններ կատարել, օրինականացնել մարիխուանան, ինչպես արել են մի շարք երկրներում, այդ թվում և հարևան Վրաստանում։ Նա նշեց, որ բերման ենթարկվելու օրը ինքը Վահրամյանի հետ երեք ժամ գտնվել է ոստիկանության բաժանմունքում և հարցերի պատասխանել։ Նրա համոզմամբ, դա բավականին անիմաստ պրոցես է և ոստիկանության ռեսուրսների սխալ վատնում։
«Փոխանակ բռնեն գողերին, որոնք, օրինակ, ավտոմեքենաների հայելիներ են գողանում, ոստիկանությունը ժամանակ է ծախսում, բերման ենթարկելով աշխատող, հարկեր վճարող և կայացած մարդկանց, որոնք պարզապես ուզում էին լավ ժամանակ անցկացնել», – ասաց նա։
Հեռուստահաղորդավարը չի հասկանում նաև, թե ինչու է զուտ անձնական տեղեկությունը հայտնվում ԶԼՄ–ներում։ Ենթադրում է, որ միջադեպի մասին տեղեկություն են տարածել հենց ոստիկանության աշխատակիցները, քանի որ անձամբ նա որևէ մեկին հարցազրույց չի տվել։ Նրա կարծիքով ոստիկանությունում պետք է ծառայողական հետաքննություն անցկացնեն և պարզեն`ինչպես են նման լուրերը տարածվում։ Ի դեպ, լուրը տարածվելուց հետո նա բազմաթիվ զանգեր է ստացել հարազատներից ու բարեկամներից, որոնք խիստ մտահոգված էին։
Մարգարյանը հայտնել է, որ փետրվարի 19-ին նույնպես եղել է ոստիկանության բաժանմունքում և դիմում է գրել, որով հրաժարվել է արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգող փորձաքննությունից։